04/07/2016 17:20
ՀԱՊԿ արտգործնախարարները հանդես են գալիս ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման օգտին. Հայտարարություն
ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարները ԼՂ կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են ընդունել այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի արդյունքներով:
«Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասված է հայտարարության մեջ:
«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: