04/07/2016 19:21
«Երջանիկ կլինեի, եթե նա հիմա ֆիզիկապես մեր կողքին լիներ». Մհեր Մկրտչյանը կդառնար 86 տարեկան
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը կդառնար 86 տարեկան: Թեև մեծ արտիստը ֆիզիկապես մեր կողքին չէ, սակայն նրա ստեղծած ու արարած կերպարները շարունակում են մնալ հայկական կինոարվեստի ամենախոսուն ու բովանդակալից էջերից:
Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայր ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց. «Մհերն իր ընկերների հետ ծննդյան օրերին փախչում էր սարեր-ձորեր, ավելի ուշ՝ վերադառնում: Թե այնտեղ ի՞նչ էր կատարվում, չգիտեմ (ժպտում է): Ես իր ծննդյան՝ միայն տանն անցկացված միջոցառումներին էի մասնակից լինում»:
Ռեժիսորն այսօրը սկսել է եղբորն այցելությամբ: «Այսօր գնացել, ծաղիկ եմ դրել իր շիրիմին, խունկ վառել: Հիշողություններով եմ տարվել, չէ՞ որ հիմա իր բոլոր հիշողություններն այնտեղ են՝ իր մոտ»,-նշեց մեր զրուցակիցը:
Որպես դերասան` նրան բոլորը գիտեն: Ինչպիսի՞ եղբայր, խորհրդատու և ընկեր էր իրական կյանքում հարցին, Ալբերտ Մկրտչյանը պատասխանեց. «Ամենակարևորը՝ հարազատ ու լավ եղբայր է եղել: Ճիշտ է, մենք միմյանց հետ շատ քիչ էինք խոսում, բայց շատ կարևոր բաներից էինք խոսում: Չէինք սիրում «ամբախ-զամբախ» թեմաների վրա ժամանակ ծախսել»:
«Այսօր ինքը պետք է մաղթանք ասեր, և ոչ թե` ես: Երջանիկ կլինեի, եթե նա հիմա ֆիզիկապես մեր կողքին լիներ: Վստահ եմ՝ ոչ միայն ես, այլև` բոլոր իր ընկերները, հարազատները, հայ ժողովուրդը երջանիկ կլիներ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ալբերտ Մկրտչյանը: