04/07/2016 13:06
Ես չեմ նշանվել, և դրանք իմ նշանադրության լուսանկարները չեն. Անատի Սաքանյան
Երեկ դերասանուհի Անատի Սաքանյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որոնք տեղիք էին տվել մտածելու, թե դերասուհին նշանադրվել է: Րոպեների ընթացքում լուսանկարներն ու նշանադրության մասին տեղեկությունը տարածվեցին մի շարք կայքերում:
Aysor.am-ը կապ հաստատեց երիտասարդ դերասանուհու հետ՝ ճշտելու բարի լուրի իսկությունն ու նշանադրության մանրամասները:
«Չգիտեմ, թե ով է նման սուտ տարածել, բայց ես չեմ նշանվել, և դրանք իմ նշանադրության լուսանկարները չեն: Նկարները մորեղբորս դստեր նշանադրությունից են», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Սաքանյանը:
Իսկ թե ո՞վ է լուսանկարի երիտասարդը՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկարում կողքիս տղամարդը իմ կնքահայրն է»:
Ի դեպ, դերասանուհին այս օրերին Հայաստանում չի գտնվում: Որոշել է այս տարի լիարժեք օգտվել հանգստի իր իրավունքից: «Արդեն երկու շաբաթ է՝ գտնվում եմ Ֆրանսիայում: Եվս երկու շաբաթ կհագնստանամ, այնուհետև մի քանի օրով կմեկնեմ Հունաստան ու կվերադառնամ Երևան», - նշեց նա:
Վերադարձից հետո ևս մեկ ուղևորություն ունի: Գնալու է Մոսկվա՝ գործնական նպատակով:
«Քարե դարդ» սիթքոմում Սիսիին մարմնավորող Անատին նոր առաջարկների մասին դեռևս չի մտածում: «Այս փուլում գործնական առաջարկներ չեմ ընդունում: Առավել շատ կենտրոնանում եմ նրա վրա, ինչ կա: Երբ ավարտեմ՝ կմտածեմ նոր առաջարկների մասին: Հիմա միտված եմ հանգիստս լիարժեք վայելելուն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անատի Սաքանյանը: