04/07/2016 20:30
Վիրահատության եմ ենթարկվելու, չգիտեմ, թե ինչ կլինի. Դերասան Գևորգ Գրիգորյանը վթարի է ենթարկվել
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով թեև տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում, բայց հեռուստադիտողին ծանոթ է մի շարք սերիալներից, այսօր Facebook-յան իր էջում նկար էր հրապարակել, որից նկատելի էր, որ դերասանը հիվանդանոցում է՝ ոտքի լուրջ վնասվածքով:
Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ հետաքրքրվելով վնասվածքի պատճառի և լրջության աստիճանի մասին: Վիրահատությունից րոպեներ առաջ նա հարցազրույց տվեց մեզ:
«Երեկ Հանրապետական հիվանդանոցից մի քիչ ներքև գտնվող խաչմերուկում վթար տեղի ունեցավ: Բաց կոտրվածքով ու փշրված ոսկորներով տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց: Շուտով վիրահատության եմ ենթարկվելու, չգիտեմ, թե ինչ կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Դերասանը իր Harley Davidson մոտոցիկլով հատելիս է եղել խաչմերուկը: Մերսեդեսի վարորդը չի նկատել նրան ու ձախ է թեքվել, ինչի հետևանքով էլ ճակատային բախում է առաջացել: « «Ձիս» ամբողջովին ճմրթվել է, բայց ոչինչ, ապահովագրության գումարը հենց փոխանցեն, կվերանորոգեմ»,-կատակեց նա:
Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք նաև նրա էկրանային լռության մասին, որին ի պատասխան՝ տեղեկացրեց. «Նկարահանվել եմ 25 մասից բաղկացած ֆիլմում: Երեք շաբաթ առաջ ենք նկարահանումներն ավարտել: Շատ փակագծեր չեմ կարող բացել, միայն կասեմ, որ գլխավոր հերոսներից մեկին եմ մարմնավորում, ֆիլմն էլ էկրաններին կլինի սեպտեմբերից»:
Aysor.am-ը շուտափույթ ապաքինում և ապահով երթևեկություն է մաղթում Գևորգ Գրիգորյանին և բոլոր վարորդներին: