05/07/2016 10:56
Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
Թուրքիայում բացվելու է լուսանկարների միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվելու են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները, ներկայացվելու է նրա կյանքն ու արվեստը, փոխանցում է ermenihaber.am կայքը՝ հղում անելով թուրքական «Murekkephaber» լրատվական կայքին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը Թուրքիայում հայտնի «Doğuş Grup» ընկերությունն է, որը հայտնի լուսանկարչի հետ համագործակցելու իրավունք է ձեռք բերել:
Համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարություն է արել «Doğuş Grup»-ի գործադիր խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքը:
Վերջինս նշել է, որ թանգարան հիմնելով նպատակ ունեն Արա Գյուլերի ամբողջ ստեղծագործական արխիվը պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:
Շահենքի խոսքերով՝ այդ համագործակցության շրջանակներում մի շարք միջոցառումներ են ձեռնարկելու Գյուլերին և նրա ստեղծագործությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ներկայացնելու և սերնդեսերունդ փոխանցելու համար:
«Բեյօղլուում գտնվող շենքը, որտեղ Արա Գյուլերը ծնվել, մեծացել, է հետո էլ որոշ ժամանակ օգտագործել որպես արհեստանոց, կվերածվի լուսանկարների պատկերասրահի, որը միջազգային նշանակություն կունենա և կդառնա Թուրքիայի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը», - տեղեկացրել է Շահենքը:
Նա նաև նշել է, որ թանգարանում ցուցադրվելու են անվանի հայ լուսանկարչի գրքերը, հուշերը, հուշանվերները, մրցանակները, պաստառները, դիմակները, անձնական իրերը, հավաքածուները: