05/07/2016 16:49
«Վատ հայր կլինեի, եթե աղջկաս երազանքը չկատարեի». Վահագն Սարգսյանը՝ Հայաստան վերադարձի և նոր առաջարկի մասին
«Բանակում» սերիալից շատերին ծանոթ դերասան Վահագն Սարգսյանն, ով գրեթե մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Չեխիա՝ ապրելու և աշխատելու, օրերս Հայաստան է վերադարձել: Aysor.am-ը, բարի վերադարձ մաղթելով, հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով և որքա՞ն ժամանակով է ընտանիքը վերադարձել հայրենիք:
«Մոտ մեկ շաբաթ առաջ ընդմիշտ վերադարձել ենք և այլևս ետ գնալու նպատակ չունենք, քանի որ շատ ենք կապված մեր հայրենիքին: Հավատացեք, մեր երկիրը լավ երկիր է, իշխանություններն են վատը: Մեկ տարի գտնվելով օտարության մեջ՝ ի վերջո հասկացանք՝ օտար հողն ավելի լավը չի կարող լինել»,- խոստովանեց դերասանը:
Վերադարձի հիմնական պատճառ հանդիսացել է դերասանի 4 ամյա դստրիկը, ով գրեթե ամեն առավոտ բարևի փոխարեն հայրիկին խնդրում էր Հայաստան վերադառնալ՝ նշելով, որ շատ է կարոտում իր տունը: «Ասում էր՝ պապ, տատիկիս ու պապիկիս եմ կարոտում, արի գնանք ու մնանք: Վատ հայր կլինեի, եթե աղջկաս երազանքը չկատարեի: Ես էլ իմ աղջկա նման սիրում եմ իմ երկիրը»,-ասաց նա:
Մեզ հետ նախորդ զրույցում դերասանը նշել էր, որ նպատակ ունի տեղավորվել չեխական թատրոնում ու նկարահանվել նրանց ֆիլմերում: Հարցին, թե որքանո՞վ համընկան ցանկությունն ու իրականությունը՝ պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այնքան էլ մեծ զբաղվածություն չունեի: Դրա համար նախ պետք է լեզվին լավ տիրապետեի, ինչի համար մեկ տարին շատ քիչ էր: Բայց երկրից չեմ դժգոհում. գեղեցիկ երկիր էր, որն օրենքներ ուներ և այդ օրենքները գործում էին: Իհարկե, վատ բաներից էլ զերծ չէր: Բայց գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ հայրենիք միայն հայերն ունեն … Ինչևէ, նոր երկիր, նոր մարդիկ, նոր շրջապատ, բազմազան հետաքրքիր և օտար կերպարներ, որոնք մի օր թատրոնում կամ ֆիլմերում ինձ պետք կգան»:
Այս ընթացքում հայ ռեժիսորներից առաջարկներ է ունեցել, սակայն, բացակայության պատճառով, մերժել է: «Կորյուն Մայիլն ինձ առաջարկել էր իր ֆիլմում մարմնավորել գլխավոր հերոսին: Ցավոք, այն ժամանակ չկարողացա ընդունել առաջարկը: Բայց քանի որ նկարահանումները դեռ չեն ավարտվել, նորից իր կողմից առաջարկ ստացա, իհարկե՝ փոքրիկ դերի: Բայց ինձ համար փոքր կամ մեծ դերեր չկան, պետք է լավ անեմ իմ գործը: Իմ մասնագիտությանը շատ լուրջ ու պրոֆեսիոնալ եմ մոտենում»,-ընդգծեց նա:
Ֆիլմը կատակերգական ժանրում էՎահագն Սարգսյանն էլ հավատով սպասում է նոր ու հետաքրքիր այլ առաջարկների:
Aysor.am-ի հետ զրույցի վերջում Հայաստան տեղափոխված երիտասարդ դերասանը կոչ արեց. «Մի լքեք մեր հայրենիքը: Սփյուռքում գտնվող հայրենակիցներիս կոչ եմ անում գալ Հայաստան: Եկեք միասին ստեղծենք, շենացնենք մեր երկիրը: Մենք ուժեղ և հզոր ենք, երբ միասին ենք: Եկեք օրինակ վերցնենք իմ բալիկից, ով երազում էր Հայաստանի մասին»: