06/07/2016 16:04
«Հին Երևան»-ում կպահպանվի Արամ Մանուկյանի տունը. ճարտարապետ
10 տարուց ավելի քննարկվող «Հին Երևան» նախագծի իրականացման հողային աշխատանքները Բուզանդ փողոցի կողմից սկսվել են. այն նախատեսված է ավարտին հասցնել հինգ տարի հետո:
Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախագիծը մոտենում է իրականացման փուլին:
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն արդեն լուծվել է՝ ներդրող կա, և իր համառ պայքարի արդյունքում հին Երևանի մի զգալի մասը կփրկվի անհետացումից։
«Խորհրդային և անկախության շրջանում քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է կառուցել Աբովյան - Բուզանդ և Արամի փողոց - Կողբացի հատվածներում: Շենքերը ոչ միայն արտաքինից կվերականգնվեն, այլ հետ կբերեն նախկինում գոյություն ունեցող միջավայրը։ «Հին Երևանի» շենքերը կունենան նաև բակեր ու մառաններ», - մանրամասնեց Վարդանյանը:
Անդրադառնալով Արամի փողոցի վրա գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին, Լևոն Վարդանյանն ասաց, որ «Հին Երևան» նախագիծն իրականացվում է, որ նաև այդ շենքը փրկվի:
«Կարող եմ ասել՝ այս շենքը 3-րդ հանրապետության անկախության օրվանից նույն վիճակում է: Բնական է, ոչ թե հինը չի պահպանվելու, այլ բացակայած քարերի տեղում պետք է տեղադրվեն նոր քարեր», - հավելեց ճարտարապետը: