06/07/2016 13:59
Նալբանդյան. Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։