06/07/2016 16:11
Երևանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլերը
Նախագահ Սերժ Սարգսյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այսօր Երևանում հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաև մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի վերաբերյալ:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու Եվրամիության հանձնառությունը և տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքերը:
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերն ու համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման: