06/07/2016 20:43
Լացն ու բոյեվիկը աշխարհում շատ է, նորություն չենք անում. Սամվել Սարգսյանը՝ նոր նախագծի մասին
Որոշ ժամանակ է, Կենտրոն հեռուստաընկերությունը ևս դասվել է սերիալաստեղծ հեռուստաընկերությունների շարքում: Ու թեև նախորդ՝ «Երանի» սերիալով չի փայլել, բայց նոր պատրաստվող նախագիծն ընտրյալ դերասանական կազմով արժանահավատ է թվում:
Նոր՝ «Վենդետտա» կոչվող սերիալում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ Սամվել Սարգսյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Մարությանը, Վահագն Գալստյանը, Արշավիր Փանոսյանը, Գնել Սարգյանը, Սոֆի Դևոյանը, Անժելա Սարգսյանը, Կարեն Մկրտչյանը, Լուսին Վարդանյանը, Շուշան Երիցյանը, ռեփեր Նարեկ Պետրոսյանը և այլք:
«Գործողությունները տեղի են ունենում Հայաստանում: Երկու «կլանների» մեջ պատերազմ է սկսվում, քանի որ ինչ-որ մի բան չեն կարողանում իրար մեջ կիսել: Պրոդյուսերը Էդգար Ավագյանն է, ռեժիսորը՝ Վահե Սայանը: Երիտասարդ, բայց փորձառու ու խոստումնալից ռեժիսոր է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Սարգսյանը:
Դերասանը դեռևս երկու օր է, որ նկարահանման հրապարակում է գտնվում: Ինչպես միշտ՝ մարմնավորում է օլիգարխի: «Իմ կերպարն ունի եղբայր, երեխաներ, կին, հարս, նույնն էլ ունի հակառակորդ խմբի ղեկավարը: Ընտանիքների գլխավորները, նկատելով, որ հարաբերությունները հասել են կատաստրոֆիկ վիճակի՝ որոշում են հաշտվել: Բայց հայտնվում է երրորդ մարդը, ով այդ հաշտությունը խափանում է», - մանրամասնեց նա:
Նկարահանման համար վարձակալված առանձնատան իրական տերերը գրկաբաց ընդունեցին նոր «սեփականատիրոջը»:
«Երբ գնացինք տեսնելու այն տունը, որը ֆիլմում իմ հերոսի տունն է, տանտերերն ասացին. «Երբ իմացանք, որ դուք եք լինելու մեր «տանտերը»՝ անմիջապես համաձայնեցինք, քանի որ Ձեզ շատ ենք հարգում ու սիրում»», - ժպիտով վերհիշեց մեր զրուցակիցը:
Քրեական դրաման հեռուստադիտողի դատին կհանձնվի առաջիկայում: «Չեմ կարծում, որ շատ սերիաներ կունենա, քանի որ արդեն բոլորն էլ հասկացել են` առանձնապես հետաքրքիր չեն արհեստականորեն ձգձգված սերիալները: Աշխարհում նման բաներ արդեն վաղուց չեն անում: 20-30 սերիա են դրսում նկարահանում, բայց ոչ այս որակի ու այս փողերով», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Դերասանը խոստովանեց՝ նորմալ ստեղծագործական կազմ է հավաքվել, մի քիչ ջահելություն, մի քիչ էլ ահելություն կա: «Բոլոր դերակատարներին չեմ ճանաչում, դեռ չեմ էլ տեսել մեծ մասին: Միայն գիտեմ, որ կնոջս կերպարում Գոհար Իգիթյանն է հանդես գալու, տղաներիցս մեկին էլ, ով բժշկի կերպարում է, Սարգիս Գրիգորյանն է մարմնավորելու… Լավ խումբ է, բան չունեմ ասելու, բայց, իհարկե, եթե որոշողը ես լինեի՝ այլ ընտրություն կանեի: Նաև, ֆինանսավորումը կբարձրացնեի, ինչը, դժբախտաբար, քչացրել են: Այնպես չի լինում չէ՞, որ 10 դրամով արքայախնձոր առնես ու ուտես: Այդ փողով ընդամենը այդ մրգի նկարը կարող ես առնել ու նայել», - շեշտեց նա:
Սամվել Սարգսյանը հիշեց՝ երբ տարիներ առաջ նկարահանվում էր «Կյանքի գինը» և «Վերադարձ» սերիալներում, առավել բարձր հոնորարներ էին շրջանառվում: «Հիմա շատ մեծ ուշադրություն չեն դարձնում դերասանի որակին, մտածում են՝ եթե այս մեկը չլինի, մյուսը կլինի, ի՞նչ տարբերություն: Այդ ամենը գալիս է գործատուի և կազմակերպչի ոչ պրոսիոնալ աշխատանքից, ովքեր որակի մասին բոլորովին չեն մտածում: Լուրջ ֆիլմը լուրջ ծախսեր, լավ դերասանական ու նկարահանող խումբ է պահանջում: Թե չէ այսօր ով տեղից հելնում է, ասում է՝ դերասան եմ, ռեժիսոր, օպերատոր», - տարակուսեց արվեստագետը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նման բովանդակությամբ ֆիլմերին և սերիալներին՝ Ս. Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, եթե օտարը նայի մեր այսբովանդակ ֆիլմերը, կմտածի՝ մաֆիոզ երկիր ենք, որտեղ բոլորն իրար սպանում են ու մորթում: Բայց դա նրանից է գալիս, որ կազմակերպիչները մտածում են, թե այդ արտադրանքը լավ կվաճառվի, ռեյտինգ կունենա: Բայց մոռանում են, որ դրանով նաև սերունդ են փչացնում, դա լավ տեղ չի տանում: Այդպիսի ֆիլմերի արդյունքում է, որ Ամերիկայում դպրոցական երեխան վերցնում է պապայի ատրճանակն ու մտնում դպրոց, մի քանի հոգու սպանում: Ավելի ճիշտ կլիներ, որ հոգեբանական, դաստիարակչական ֆիլմեր նկարեին, որպեսզի ժողովուրդն էլ այս ամենից մի քիչ կտրվեր: Թե չէ լացն ու բոյեվիկը աշխարհում շատ է, նորություն չենք անում»:
Սիրված դերասանն այսօր առաջարկների պակաս չունի, սակայն այլ հաստատված նախագծեր դեռևս չկան:
«Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում Ռուսաստանից եկան ու մի հետաքրքիր փոքիկ ֆիլմ նկարահանեցին գաղթի մասին, որտեղ ես հոգևորականի էի մարմնավորում, ով անապատի միջով մարդկանց փախցնում ու փրկում է: Բայց դեռ չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ ճակատագիր ունեցավ այդ ֆիլմը: Հուսամ՝ շուտով մեզ էլ կհասնի», - Aysor.am-ի հետ զրույցը եզրփակեց Սամվել Սարգսյանը: