06/07/2016 13:51
Մարմնավորում եմ 90-ականների բովում հայտնված հակասական կերպարի, որին սիրահարվում է գլխավոր հերոսուհին. Տիգրան Նալչաջյան
Ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանն, ով շատերին առավել ծանոթ է «Վերջին հայրիկը» սերիալից և «Առաջին դեմք» ֆիլմից, շուտով հանդիսատեսին կներկայանա իր նոր՝ «Այրվող հորիզոններ» գեղարվեստական ֆիլմով, որում գործողությունները ծավալվում են 90-ականների կեսերին:
«Որպես ռեժիսոր՝ սա իմ չորրորդ աշխատանքն է լինելու: Առաջին երկուսը կարճամետրաժ ֆիլմեր են, ունեմ մեկ լիամետրաժ՝ «Չներվածները» ֆիլմը, որտեղ հանդես եմ գալիս և՛ որպես սցենարիստ ու ռեժիսոր, և՝ պրոդյուսեր ու գլխավոր դերակատար: Ինչ վերաբերում է նոր ֆիլմին, ապա այստեղ մարմնավորում եմ 90-ականների բովում հայտնված հակասական կերպարի, որին սիրահարվում է գլխավոր հերոսուհին: Կերպարս ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Նա պայքարում է չարիքի դեմ, սակայն ինքն էլ իր հերթին հանդիսանում է չարիքի մարմնացումներից մեկը: Եվ այդ ամենն ամբողջությամբ 90-ականների կոլորիտի համատեքստում է: Կարծում եմ, այն սերունդներն, ովքեր իրենց մանկությունն են անցկացրել կամ էլ արդեն հասուն տարիքում են եղել այդ ժամանակաշրջանում, շատ բան կվերապրեն` դիտելով ֆիլմը»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:
«Այրվող հորիզոնները» 15-ամյա աղջկա պատմություն է, ով հանգամանքների բերումով այդ դժվար տարիներին հորը կորցնելուց հետո ստանձնում է ընտանիքի ապրուստը վաստակելու ծանր բեռը: «Նա սիրահարվում է իրենից տարիքով կրկնակի մեծ տղայի, ում սիրելու իրավունք չունի: Փակագծերն ավելի բացել չեմ կարող»,-նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմը դրամայի ժանրում է: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Նալչաջյանն է, երկրորդ ռեժիսորը՝ Լուսնթագ Պարույրյանը, օպերատորը՝ Վահե Տերտերյանը: «Այս անգամ մենք ունենք նաև շատ կարևոր՝ ստեղծագործ պրոդյուսերի հաստիքը: Այդ հաստիքում հանդես կգա Պետիկ Ավետիսյանը, ում հետ աշխատել ենք նախորդ ֆիլմի շրջանակներում»,-ընդգծեց նա:
Ընդգրկված դերասանների հիմնական կազմին Տիգրան Նալչաջյանը բացահայտել չցանկացավ: Միայն նշեց, որ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է իր ղեկավարած «Սթեյջ 7» դերասանական ստուդիայի սան Օֆելյա Հարությունյանը:
Հարցին, թե ինչո՞ւ նրան այլևս չենք հանդիպում սերիալներում, պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես միայն «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում եմ նկարահանվել, որը բարձր ռեյտինգ ուներ և ես հիշվեցի այդ դերով: Մինչև հիմա մարդիկ մոտենում են ինձ և ասում, որ իմ կերպարի` Սուրենի մահը շատ ծանր են տարել և նույնիսկ չեն կարողացել զսպել արցունքները: Այժմ ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ կինոյի վրա, սակայն լավ առաջարկի դեպքում պատրաստ եմ նկարահանվել նաև հեռուստասերիալում: Այս պահին կա մի այդպիսի առաջարկ, եթե ամեն ինչ ստացվեց, ապա աշնանը կլինեմ նաև հեռուստաէկրանին: Ընդհանրապես, գաղափարների, սցենարների և նախագծերի պակաս չունեմ: Այլ բան է, որ դրանք կյանքի կոչելն է դժվար: Սակայն ես լավատես եմ և չեմ պատրաստվում հրաժարվել ստեղծագործական կյանքի բերկրանքից»,-խոստովանեց երիտասարդ ռեժիսորը:
Հուլիսի վերջին դերասան-ռեժիսորը հանդես կգա նաև նոր ներկայացման պրեմիերայով, որն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: Ներկայացումը խաղալու են Համազգային թատրոնի բեմում: «Տրագիկոմեդիա է, որի մի բևեռում պատերազմ է, իսկ մյուսում՝ բողոքի ցույց: Ես պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն եմ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Նալչաջյանը: