08/07/2016 13:40
Գեղեցիկը վայելելու հրաշալի առիթ. «Ազգային պատկերասրահ» փառատոնն ավարտվեց
2005 թվականից իրականացվող և երեք տարի անց՝ ՀՀ մշակույթի նախարարության միջոցառումների պետական աջակցության ծրագրում ընդգրկված «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մոտեցավ իր ավարտին:
Հունիսի 18-ից հուլիսի 7-ը կայացած փառատոնն իր հագեցած ծրագրով դարձյալ գեղեցիկը վայելելու հրաշալի առիթ դարձավ դասական երաժշտության սիրահարների համար:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնը հայ հանդիսատեսին ներկայացավ հինգ համերգով, որոնք շատ տարբեր էին թե իրենց բնույթով, թե՝ ծրագրով:
«Համերգները բոլորն էլ ունեին խորագրեր: Առաջին համերգը նվիրված էր աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին, երկրորդ համերգը «Հայ-ֆրանսիական խաչմերուկներն» էր, երրորդը՝ «Երաժշտական ճանապարհորդությունը», չորրորդ համերգը նվիրված էր Էդուարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակին և փառատոնի հանդիսավոր փակման պատիվը տրվել է «Հովեր-Սեպտետ» անսամբլին»,- մանրամասնեց Մարիամ Շահինյանը:
Նրա խոսքով՝ փառատոնը շատ կարևոր է հայ հանդիսատեսի համար հայ մշակութային կյանքում. «Եվ թվով չէր լինի 12-րդ համերգը, եթե չլինեին մեր աջակիցները՝ մշակույթի նախարարությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ սերունդներին ոգեղեն սնունդ մատուցելն ամենագրագետ ռազմավարությունն է:
«Այն ձևավորում է մարդու զգայական ներքնաշխարհը, ստիպում գեղեցիկ մտածել և վեհ նպատակներ ունենալ: Ուզում եմ հավատալ, որ փառատոնն այս տարի ևս ծառայեց համամարդկայինը գնահատելու իր նպատակին»,-նշեց Ռ. Յիրիկյանը:
Նշենք, որ, որպես գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ը փառատոնին աջակցելու իր առաքելությունը ստանձնել է 2006 թվականից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն այդ ընթացքում հատկացրել է 119 500 000 միլիոն դրամ: