08/07/2016 16:57
Ջեյմս Ափաթուրայ. Ստատուս քվոն ԼՂ հարցում պետք է փոխվի բանակցությունների միջոցով
Ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտության հարցում չի կարող երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով, հայտնել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
«Անշուշտ, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներն են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից», - Վարշավայում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է Ջ. Ափաթուրայը:
«Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից: Նախագահները հանդիպեցին, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն», - ընդգծել է նա:
«Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան: