08/07/2016 14:54
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում ավարտվել են մի շարք աշխատանքներ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) Հայաստանի մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի երկրորդ եռամսյակում իրականացվել և ավարտվել են մի շարք աշխատանքներ, հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից::
Նշվում է, որ ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները. ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմնական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը:
Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը:
Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով /ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ:
Ներկայում իրականացվում են բեմի տախտակամածի փոխարինման աշխատանքները, որից հետո կհղկվի դահլիճի հատակը և կտեղադրվեն հանդիսատեսի աթոռները: