08/07/2016 20:03
Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի. Էմմա Մանուկյան
Aysor.am-ի զրուցակիցն Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Էմմա Մանուկյանն է, դերասան Վիլեն Սարգսյանի կինը: Որո՞նք են երիտասարդ ընտանիքի դժվարությունները, ի՞նչ էկրանային զբաղվածություն ունի դերասանուհին և ո՞րն է նրա ամենանվիրական երազանքը՝ կարդացեք հարցազրույցում:
-Էմմա, բոլորովին վերջերս ավարտվեց Ձեր մասնակցությամբ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը: Ներկա պահին ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Այժմ թատրոնում շատ մեծ թափով ընթանում են Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վեպի հիման վրա «Անկոչ Աննա» ներկայացման փորձերը, որի բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը: Ամբողջովին տարված եմ ինձ համար շատ կարևոր այս աշխատանքով:
-Իսկ նոր սերիալի առաջարկ չունե՞ք:
-Ունեմ, արդեն սկսել եմ նկարահանվել «Աբելի քույրը» սերիալում:
-Ի՞նչ կերպարով:
-Կերպարս՝ Մագդան, մատուցողուհի է գիշերային ակումբում: Առաջին հայացքից թեթև վարքի տեր աղջիկ է, բայց իրականում. . . Գիտեք, քանի որ նոր եմ ծանոթանում հերոսուհուս, չեմ կարող շատ փակագծեր բացել: Հուսով եմ՝ հետաքրքիր աշխատանք է սպասվում:
-Ժամանակին պրոֆեսիոնալ պարով եք զբաղվել, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ պարարվեստից:
-ժամանակի սղության պատճառով: Եկավ մի շրջան, երբ անհնարին դարձավ համատեղել երկու մասնագիտություններս ու ընտանիքս. աղջիկս մեծանում է, ու ես չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրան:
-Որպես երիտասարդ դերասանուհի, ի՞նչ եք կարծում, երիտասարդ կադրերն այսօր ճի՞շտ են «օգտագործվում» թատրոնում և կինոյում: Կարպերները, կարծես, միապաղաղ են, դա դերասանի՞, սցենարիստի՞, թե՞ ռեժիսորի բացթողումն է:
-Անկեղծ ասած՝ դժվար հարց է, միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Բայց կոնկրետ մեր թատրոնում երիտասարդներն ունեն աշխատելու և ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է կերպարների միապաղաղությանը, ապա ինձ թույլ չեմ տա քննարկել կոլեգաներիս բացթողումները, եթե նույնիսկ դրանք առկա են: Չեմ կարծում, որ տարիքս ու արվեստում անցած ճանապարհս թույլ են տալիս ինձ մատնանշել որևէ մեկի բացթողումը (ժպտում է): Ինքս փորձում եմ ամեն ինչ անել, որ կերպարներս չկրկնվեն:
-Դերասանները մեծամասամբ իրենց տեսնում են այս կամ այն կերպարում ու անհամբեր սպասում այդ երջանիկ օրվան: Ձեզ ի՞նչ կերպարում եք տեսնում, ի՞նչ դեր կցանկանայիք, որ Ձեզ վստահվեր:
-Ինձ ոչ մի կոնկրետ կերպարում չեմ տեսնում: Ստանում եմ դերն ու սկսում տեղավորվել դրա մեջ (մտածում է): Իսկապես, չեմ կարող թվել կերպարներ, որոնք երազում եմ խաղալ: Ես արվեստում պրագմատիկ եմ. հիմա աշխատում եմ իշխանուհի Կատյայի դերի վրա ու դրանից բացի ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում՝ մինչև, որ հանձնենք ներկայացումը: Հետո, հուսով եմ՝ կստանամ նոր դեր, ու արդեն այդ դերը կդառնա ամենակարևորը… Եվ այդպես շարունակ:
-Ըստ Ձեզ, որո՞նք են դերասանական աշխարհի մերօրյա խարդախությունները:
-Չեմ հավատում խարդախությունների, հավատում եմ աշխատանքին: Անհնար է, որ աշխատասեր ու իր գործին նվիրված մարդը չկարողանա իր համար ճանապարհ հարթել: Անհաջողությունների մեջ միշտ ինքս ինձ եմ միայն մեղադրում, և ոչ թե շրջապատին: Ուրեմն պետք էր ավելին անել . . .
-Ունե՞ք ընկերներ, ընկերուհիներ Ձեր բնագավառում, թե՞ կհաստատեք այն համոզմունքը, որ նույն ոլորտի մարդիկ լավ ընկերներ չեն դառնում:
-Իհարկե, ունեմ դերասան ընկերներ: Կարծում եմ՝ աշխատանքային ոլորտն ընկերության հետ կապ չունի: Համենայնդեպս, ինձ համար այդպես է: Ընդհանրապես, ես շատ քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք այն մարդիկ են, որոնց անսահման սիրում եմ:
-Իսկ կոլեգաների նախանձի հետ հաճա՞խ եք առնչվում:
-Բացասական ազդակների համար ես փակ եմ: Եթե նույնիսկ իմ հանդեպ նախանձ կա, ապա ես այն ուղղակի չեմ նկատում:
-Հատկապես Հայաստանում ընդունված է, որ ամուսնացած դերասանուհիները խուսափում են սիրային, նույնիսկ փոքր-ինչ բաց տեսարաններից: Ձեր ընտանիքում և՞ս առկա է այդ խնդիրը, թե՞ դերասան ամուսին ունենալը մեղմում է իրավիճակը:
-Արվեստում խուսափել չի կարելի: Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի:
-Փաստորեն, խանդի հետ հաճախակի չեք բախվում:
-Տանել չեմ կարողանում խանդ կոչվածը և ամեն ինչ անում եմ, որպեսզի այն իմ կյանքում տեղ չունենա:
-Ի դեպ, ստեղծագործական բանավեճեր դուք և Վիլեն Սարգսյանը շա՞տ եք ունենում:
-Արվեստի շուրջ Վիլենի հետ չեմ վիճում: Արվեստի՝ նրա ընկալումը բացարձակ է: Ես լսում եմ նրան ու հետո կիսվում իմ սեփական զգացողություններով:
-Որքան էլ ամուսինները միմյանց շատ սիրեն, կարծում եմ, կոնֆլիկտներից խուսափելն անհնար է: Ո՞ր թեմաներն են առավել խնդրահարույց դառնում Ձեր ընտանիքում:
-Երևի կենցաղային հարցերն են մեզ համար խնդրահարույց, որովհետև երկուսս էլ կենցաղից շատ հեռու ենք և նման հարցերի լուծումներն անընդհատ մեկս մյուսի վրա ենք գցում (ծիծաղում է):
-Էմմա, այս տարիներին Ձեր և Վիլենի ամենամեծ «պատերազմը» ո՞րն է եղել:
-Պատերա՞զմ: Երբեք ու ոչ-ոքի հետ չեմ պատերազմում, առավելևս՝ հարազատներիս: Իսկ եթե «պատերազմն» անխուսափելի է դառնում՝ ուղղակի հեռանում եմ:
-Քանի՞ տարեկան է արդեն Ձեր դստրիկը: Հայրիկի ու մայրիկի բացակայության ընթացքում ո՞վ է զբաղվում փոքրիկով:
-Սառան արդեն 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Իսկ մեր բացակայության ժամանակ տատիկներն են նրա հետ լինում:
-Ինքներդ ընտանիքի միակ զավակն եք: Ի՞նչ եք կարծում՝ մինուճար երեխաները եսասեր չե՞ն մեծանում:
-Չգիտեմ: Ինքս եսասեր չեմ, չնայած, որ մենակ եմ մեծացել: Բայց գիտե՞ք, ճանաչում եմ շատ եսասերների, ովքեր քույր և եղբայր ունեն:
-Ամեն դեպքում, ընտանիքի համալրման մասին չե՞ք մտածում:
-Երբեք ոչինչ չեմ պլանավորում: Դա ինձ համար աշխարհի ամենածիծաղելի և անիմաստ զբաղմունքն է:
-Էմմա, հանգստյան շրջանի մեկնարկը տրված է: Պատրաստվո՞ւմ եք ճամփորդության:
-Առայժմ զբաղված եմ, հանգստի մասին չեմ մտածում: Ու այս հարցում էլ ոչինչ չեմ պլանավորում: Գուցե մի օր արթնանանք ու որոշենք ինչ-որ տե՞ղ գնալ, ով գիտի:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Երազում եմ օդային ակրոբատիկայով զբաղվել: Հուսով եմ՝ այս տարի երազանքս կիրականացնեմ (ժպտում է):