08/07/2016 20:45
Փչեցի ու ասացի՝ պապային ազատություն. Վարդան Պետրոսյանի որդին նշում է 29-րդ տարեդարձը
Դերասան Հայկ Պետրոսյանը՝ Վարդան Պետրոսյանի որդին, այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց օրվա անակնկալների և հետաքրքիր դրվագների մասին:
«Ճիշտ է՝ 29-ամյակս է, բայց հոգով շարունակում եմ շատ ավելի երիատասրդ մնալ: Առանձնակի պատրաստություն չեմ տեսել, քանի որ չեմ սիրում ծննդյանս օրերը նշել: Այսօր էլ աշխատանքային միջավայրում եմ լինելու, քանի որ միջոցառում պետք է վարեմ: Առավոտից դրսում եմ, անընդհատ գործերով եմ տարված, նույնիսկ զանգերին չեմ կարողանում պատասխանել: Ուրախ եմ, որ այդպես է համընկել», - նշեց Հայկ Պետրոսյանը:
Այնուամենայնիվ, անակնկալ մատուցողներ ևս եղան. երեկ կեսգիշերին վերադառնալով տուն՝ օրվա հերոսն այնտեղ հայտնաբերեց ընկերներին:
«Ընկերներիցս Լուսինեն համախմբել էր մյուսներին, ինձ համար գիրք էր տպագրել, որը կոչվում է «Հայկ վարպետ»: Շատ հուզիչ և հիշվող նվեր էր: Գրքում ինձ հարազատ մարդիկ իմ մասին են խոսում, մաղթանքներ հղում: Մի խոսքով՝ այդ գրքում իմ կենսագրությունն է՝ իմ նկարներով՝ ընկերներիս մատուցմամբ… Նաև կեսգիշերին ընկերներիցս մի քանիսը մեր տուն էին եկել ու դա մեծ անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ ամերիկյան ֆիլմերի պես էր ու ինձ լիովին բավարարեց: Ես մեծ հավաքույթներ սիրում եմ, բայց ոչ այն դեպքում, երբ առիթը ես եմ», - ընդգծեց հոբելյարը:
Հայկի՝ ծնունդները չնշելու սովորույթից առաջին հերթին մայրն է դժգոհում, բայց ըմբռնումով է մոտենում որդու որոշմանը: Հասկանալի պատճառներով՝ հայրիկին էլ հոբելյարն այսօր չի տեսել, բայց հեռախոսով լսել է նրա շնորհավորանք-մաղթանքները:
Արդեն 29-ը բոլորած երիտասարդն իր կյանքում քիչ ձեռբերումներ չունի, սակայն բացթողումներն էլ քիչ չեն՝ ըստ իր: «Ծնողներիս հետ շատ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունեմ, և դա երկկողմ ձեռքբերում է, նաև ընկերներս են իմ ձեռքբերումը: Ունեցել եմ և ունեմ աշխատանքային հաջողություններ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց և ճակատագրից: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա իսկապես շատ բան կարող էի արած լինել, բայց տարբեր պատճառներով չեմ արել: Երևի հանգամանքներն են այդպես դասավորվել, կամ «ալարել» եմ, չգիտեմ: Սխալ յուրաքանչյուրն էլ անում է, կարևորն՝ այն ճակատագրական չդառնա», -նկատեց նա:
Հարցին՝ մտածո՞ւմ է արդեն իսկ ընտանիք կազմելու մասին, թե ոչ՝ պատասխանեց. «Օր ու գիշեր այդ մասին եմ մտածում, նույնիսկ իմ «Եթե ես լինեի պապա» ներկայացումն այդ մտորումների մասին է (ժպտում է)… Իսկ եթե առանց կատակի, ապա այնպես չի, որ լրջորեն մտածում եմ՝ ժամանակն է ամուսնանալ: Երբ ժամանակը գա՝ Աստծո կամոք և օրհնությամբ ընտանիք կկազմեմ»:
Նկատառմանը, թե նրա կյանքում կա՞ այն միակը, ով «կստիպի» երիատասարդ արվեստագետին ընտանիք կազմել՝ ծիծաղելով պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես իմ անձնական կյանքի մասին երբեք չեմ խոսում, քանի որ այն իմ սեփականությունն է: Միայն կասեմ՝ ես միշտ սիրահարված եմ»:
Ամփոփելով ծննդյան անցուդարձը՝ հոբելյարին խնդրեցինք ավանդույթը խախտել և ինքն իրեն մաղթանք հղել:
«Կեսգիշերին ընկերներս իրենց հետ նաև տորթ էին բերել, մոմերը վառեցին ու ասացին՝ փչիր ու երազանք պահիր: Ես էլ փչեցի ու ասացի՝ պապային ազատություն… Դա է իմ մաղթանքը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հայկ Պետրոսյանը: