09/07/2016 13:07
Ստեփանակերտը կարևորում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում հնչեցված՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գաղափարները. Բաբայան
Լեռնային Ղարաբաղը կարևորում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հնչեցված՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կարևորում ենք գագաթաժողովի շրջանակներում հնչեցված գաղափարները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և խաղաղություն ու կայունություն պահպանելուն», - ասաց Դ.Բաբայանը՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերին:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ է այցելելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
«Այցը նպատակ ունի մշտադիտարկում իրականացնել, որը ամիսը մեկ կամ երկու անգամ արվում է», - ասաց նա:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային, հնարավոր, այցի մասին՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահի դրությամբ չկա որևէ ծրագիր նրանց այցի վերաբերյալ:
«Այս պահին նրանք հիմնական շեշտը դնում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպման վրա», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: