09/07/2016 14:21
Սերժ Սարգսյան. Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանն ունեցած ելույթում:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին:
«Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը», - ընդգծել է Ս.Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:
«Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը», - ասել է նախագահը:
Նա նաև հիշեցրել է, որ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը:
«Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ», - հայտարարել է ՀՀ նախագահը: