09/07/2016 15:39
Պետք է ընթերցողին ցույց տալ, որ գրողները դեզ մազերով ու «պախմելի տակ» գտնվող մարդիկ չեն. Գրականագետ
Համացանցային դարաշրջանում երիտասարդները կարդում են այն, ինչն ավելի շատ են ներկայացնում լրատվամիջոցները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Եթե գերակշռում է գրականության մասին լուրը, բնականաբար, կարդում են, նախընտրում են գրականություն կարդալ: 2012 թվականին, երբ Երևանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք, այդ տարի արձանագրել ենք ամենամեծ հետաքրքրությունը գրքի և գրականության նկատմամբ»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:
Գրականագետը նշեց, որ գրախանութներում գրքերի 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները՝ 18-33 տարեկան մարդիկ:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ավելի շատ են սկսել կարդալ նաև հայ ժամանակակից գրականություն:
«Եթե հինգ տարի առաջ հայ ժամանակակից գրողը վաճառում էր 3-5 գիրք, ապա այսօր այդ թիվը հասնում է 700-800-ի: Ընթերցողների շրջանում ամենից շատ պահանջարկ ունեն Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Լևոն Խեչոյանը, Հովհաննես Գրիգորյանը»,-նշեց գրականագետը:
Ա. Նիկողոսյանը շեշտեց, որ որպեսզի գիրքը կարդացվի, պետք է առաջնորդվել ժամանակակից մեթոդներով, քարոզել, PR անել, գովազդել:
«Օրինակ, Արամ Պաչյանը վերացրեց հեռախոսը, սկսեց հագնվել շոու-բիզնեսի աստղերի ոճով, ձևավորեց իր ոճը: Պետք է ընթերցողին ցույց տալ, որ գրողները դեզ մազերով ու «պախմելի տակ» գտնվող մարդիկ չեն, պետք է փոխել գրողների մասին պատկերացումները և ժամանակին համահունչ դառնալ»,-հավելեց նա: