09/07/2016 16:31
Չեմ ժխտի, գուցեև ևս մեկ տարով մեծանալու վա՞խն է. Մարջան Ավետիսյանը նշում է 34-ամյակը
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը կամ «Ֆուլ հաուս» սիթքոմի՝ բոլորի կողմից շատ սիրված տիկին «Տամառան» այսօր նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց տոնական օրվա անցուդարձի մասին: Ի դեպ, Երևանում բնակվող դեասանուհին այս օրերին գտնվում է հայրական տանը՝ Արմավիրում:
«Թեև նվերներ, ծաղիկներ ստանալ շատ եմ սիրում, բայց առանձնապես չեմ սիրում ծննդյանս օրը նշել, լինել ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, խնջույքների սիրահար չեմ: Կարծում եմ՝ մեծ ու հոգեբանական խնդիր չէ: Չեմ ժխտի, գուցեև ևս մեկ տարով մեծանալու վա՞խն է… Այնպես որ՝ այսօր օրս կանցկացնեմ տանը՝ շատ նեղ, ընտանեկան միջավայրում»,-մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:
Դերասանուհին չհերքեց՝ ընկերներն ու գործընկերները երբեմն դժգոհում են նրա այդ սովորույթից, բայց հասկանում են: Ինչպես ինքն է ասում, «ի՞նչ կարող եմ անել, ես այսպիսին եմ»:
Օրվա հերոսն անակնկալներ ստանալ սկսել է դեռ կեսգիշերից, բայց հուսով է՝ այն առջևում է: «Երեկ ընկերուհիներիցս և ընկերներիցս մեկը ծաղիկներ էին ուղարկել: Քիչ առաջ եմ արթնացել, հուսամ՝ կշարունակվեն նմանատիպ անակնկալները: Չէի ասի, թե անակնկալների խիստ սիրահար եմ, քանի որ ամեն բան չի, որ ինձ դուր է գալիս, բայց ուշադրությունը, միևնույն է, հաճելի է»,-խոստովանեց նա:
Հարցին, թե չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, 34-ամյա դերասանուհին նշեց, որ անձնական հարցերի շուրջ անկեղծանալ չի սիրում. «Հատկապես այդ թեմայի շուրջ հենց այսօր չեմ ուզում մտածել»:
Ամենալավ մաղթանքն ամեն մարդ ինքն իրեն կարող է տալ, ամենասպասված նվերը՝ նույնպես: «Եթե հնարավորություն ունենայի, կցանկանայի, որ այն ամեն լավ բանը, ինչ Աստված ինձ տալիս է, կիսեմ բոլորի հետ: Չէ՞ որ այդ դեպքում կրկնապատկվում է ունեցածդ՝ լինի նյութական, թե հոգևոր: Ինչ վերաբերում է նվերին, չգիտեմ, երևի թե հատուկ այնպիսի մի բան չկա, որը կցանկանայի ունենալ ու չունեմ: Ես ինքնաբավ մարդ եմ, շատ քչով բավարարվող եմ: Երևի թե ինքս ինձ օրվա առիթով ինչ-որ նվեր կանեմ, բայց դեռևս չեմ մտածել, թե ինչ»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարջան Ավետիսյանը: