09/07/2016 19:19
Քեզ թևեր է տալիս ու բարձրացնում վերև. Ծնվել է «ArmComedy»-ի Նարեկ Մարգարյանի առաջնեկը
«ArmComedy» հաղորդման հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի և Մաշա Գասպարյանի ընտանիքում 2016 թվականի 7-րդ ամսի 7-րդ օրը նշանավորվեց առաջնեկի ծնունդով: 3 կգ 500 գրամ քաշ և 53 սմ հասակ ունեցող փոքրիկը վայրկյանների ընթացքում գունավորեց նորաթուխ ծնողների կյանքը:
«Տղաս՝ Մարկ Մարգարյանը, ծնվել է հուլիսի 7-ին ժամը 19:00-ին: Շատ հետաքրքիր ու հաճելի անձնավորություն է, և՛ նա, և՛ մայրիկն իրենց լավ են զգում: Զգացողություններս դժվար է բառերով արտահայտել. քեզ թևեր է տալիս ու բարձրացնում վերև»,-Aysor.am-ի հետ զրույցում հուզված նշեց Նարեկ Մարգարյանը:
Անվան հարցում ամուսինները միասին են համաձայնության եկել. «Գեղեցիկ անուն է, միշտ մեզ դուր է եկել ու որոշեցինք Մարկ դնել»:
Տան նոր անդամը դեռևս ծննդատանն է, սակայն տանն ամեն ինչ պատրաստ է՝ նրան դիմավորելու համար: «Մենք սնահավատ չենք ու ամեն ինչ նախօրոք գնել ենք: Ինձ թվում է՝ այդպես ավելի ճիշտ է, որովհետև այս երկու օրում ոչինչ չէի կարող հասցնել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, փոքրիկ Մարկի ծնունդին «ArmComedy»-ի ողջ թիմն էր սպասում: Ընկերներն ու գործընկերները երեկ արդեն հասցրել են «բարի գալուստ» ասել նրան: «Ծնվելու օրը ընկերներիս հետ չեմ հանդիպել ու նշել ուրախ առիթը, քանի որ գտնում եմ՝ այդ օրը պետք է անցկացնել կնոջ ու բալիկի կողքին: Դա ավելի կարևոր է: Իսկ երեկ երեկոյից արդեն նշում ենք»,-խոստովանեց նա:
Նարեկ Մարգարյանը որդուն նմանեցնում է և՛ իրեն, և ՛կնոջը, թեև դիմագծերը դեռևս հստակեցված չեն: «Երևի մեկ շաբաթ, մեկ ամիս անց ավելի ձևավորված կլինի երեխան, հիմա մի քիչ դժվար է նմանություններ գտնելը: Երբեմն լինում է, որ նորածինը միանշանակ նման է լինում մեկին կամ մյուսին, բայց մեզ մոտ այդ դեպքը չի: Կարծում եմ՝ մեծամասամբ ձևական կամ երևակայությամբ են նմանեցնում»,-ժպիտով ասաց Նարեկը:
Երիատասրդ ընտանիքի հայրիկն իր ընտանիքին միայն առողջություն է մաղթում. «Կարևորը դա է, մնացածը՝ կաշխատենք ու կստեղծենք»:
Aysor.am-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Մարկին: