09/07/2016 12:39
Փոքր քանդումները հետագայում կարող են բերել մեծ քանդումների. Ճարտարապետները՝«Զվարթնոցի» հին մասնաշենքի մասին
Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` ես այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին այն արդիականացնելու, չքանդելու ուղղությամբ, սակայն ոչ մի բան էլ չարեցին»,- ասաց Մ. Մինասյանը:
Ըստ նրա` կոնցեսիոները բացարձակապես չի ուզում հանդիպել և, նրա խոսքով, եթե դա արհամարհանք է, ապա այդ վերաբերմունքը շատ վտանգավոր է:
«Նախապես ասվել էր, որ շենքի աշտարակային մասը, մեծ շրջագիծը աշխատելու են պահել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ փոքր քանդումները հետագայում կարող են բերել մեծ քանդումների»,-ասաց նա:
Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանը ներառված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, բայց դիմել են մշակույթի նախարարություն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանը ներառվի այդ ցանկում:
«Հիմա մշակույթի նախարարությունը որևէ բան չի կարողանում անել, քանի որ այն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում չէ: Ենթադրում ենք, որ հրաման կա, որպեսզի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը չընդլայնվի, որպեսզի ավելորդ ֆինանսական խնդիրներ չստեղծվեն»,-ընդգծեց նա:
Մկրիտչ Մինասյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանը ճարտարապետների հետ է. «Քաղաքապետարանը բացարձակապաես դեմ է շենքի քանդմանը: Մեզ հետ է նաև հասարակությունը»:
Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ այն պատճառաբանությունը, թե «Զվարթնոցի» հին մասնաշենքը վթարային է և անհրաժեշտ է հրատապ քանդել, իրականությանը չի համապատասխանում:
«Ցանկացած գումարային արտահայտություն մեր պետության համար ձեռնտու չէ: Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, և վարձակալությամբ է տրված եղել անժամկետ՝ պայմանով, որ Էռնեկյանը բարվոք վիճակում այն պահի, մինչդեռ, տարիների ընթացքում պարզ դարձավ, որ այն մնաց լքայլ վիճակում»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետները շեշտեցին՝ թե պետությունը, թե հասարակությունը պետք է տեր կանգնեն մեր մշակութային արժեքներին:
«Տեսեք, եթե մեր հին գյուղերում որևէ փոքրիկ հյուղակ է քանդվում, մենք բոլորս ձայն ենք բարձրացնում, մենք պետք է տեր կանգնենք մեր հողի վրա գտնված արժեքներին, որպեսզի մեր ձայնը շատ ավելի բարձր լինի, եթե պետք է դիմենք բարձր ատյաներ»,-հավելեց Մկրտիչ Մինասյանը: