11/07/2016 14:47
«Porsche» ընկերությունն իր վերջին գովազդային հոլովակում հայկական Խոր Վիրապն ու Արարատ լեռը ներկայացրել է որպես հնդկական քաղաք
Ավտոմեքենաներ արտադրող գերմանական հայտնի «Porsche» ընկերությունն իր վերջին գովազդային հոլովակում հայկական Խոր Վիրապն ու Արարատ լեռը ներկայացնում է որպես հնդկական քաղաք: Նման թյուրիմացությունն անարձագանք մնալ չէր կարող: R&B Partners ընկերությունը կազմակերպել է ստորագրահավաք՝ պահանջելով, որ «Porsche»-ն ներողություն խնդրի նման անհարգալից վերաբերմունքի համար և շտկի երկրի ու քաղաքի անվանումը հոլովակում:
Ստորագրահավաքը մեկնարկել է Change.org կայքում՝ մեկ օրվա ընթացքում հարյուրավոր ստորագրություններ հավաքելով: Այն կներկայացվի «Porsche» ընկերությանը և ՀՀ մշակույթի նախարարությանը:
«Սա պարզապես զարհուրելի է, քանի որ Խոր Վիրապը հայկական մշակութային կոթող է և համարվում է Հայաստանի մշակութային ժառանգության մի մասը, որտեղ վերջերս իր ուխտագնացության ժամանակ այցելեց նաև Հռոմի Պապը և աղավնիներ բաց թողեց»,-գրում են ստորագրահավաքը նախաձեռնած հայերը: