11/07/2016 12:40
Շարմազանով. Ստատուս քվոն պետք է փոխվի. դրա համար պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց մի շարք հստակ ուղերձներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բացառապես խաղաղության կողմնակից ենք ու՝ երկարաժամկետ խաղաղության: Հայաստանն ու Ղարաբաղը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից են, մենք մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Երկրորդ՝ չնայած Ալիևի ու ադրբեջանական մամուլի հայտարարություններին՝ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, ուստի Ադրբեջանի ցանկացած փորձ՝ խնդիրը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չէ ու հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ նախագահի երրոդ ուղերձում հստակ ասվում է՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություննները պետք է իրագործվեն:
«Ադրբեջանի կողմից պետք է ի կատար ածվեն հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի իրավունքների ընդլայնումը»,-նշեց Է. Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության առաջնորդը ուղիղ նշել է, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն:
«Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: Դրա հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պետք է այս կոնֆլիկտի ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝ պատճառները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: