11/07/2016 20:57
Կարեն Արայանը՝ հուլիսի 28-ի ցուցահանդեսի և մեծ անակնկալի մասին
Հուլիսի 28-ին ժամը 17:00-ին Նկարիչների միության շենքում տեղի կունենա Կարեն Արայանի նկարների՝ «Ազատ եղեք» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը: Այցելուները նկարներին ծանոթանալու և դրանք ձեռք բերելու հնարավորություն կունենան 4 օր՝ մինչև հուլիսի 31-ը: Թեմայի շրջանակներում կցուցադրվեն թվով 16 նկարներ, նաև՝ գործեր այլ թեմայի մեջ և գրաֆիկական աշխատանքներ:
«Ազատ եղեք» խորագիրը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ազատության մասին է, իր մեջ չի ներառում ո՛չ հակապետական, ո՛չ հակակրոնական մոտեցում: «Սա ավելի շատ մարդու էության մասին է, որը ծնված օրվանից ընկնում է ինչ-որ կապանքների մեջ. քեզ տալիս են անուն-ազգանուն՝ աշխարհդ նեղանում է, ցույց են տալիս քո ծնված երկրի սահմանն ու որոշում՝ դա է հայրենիքդ… Իմ նկարների ասելիքն այն է, որ մարդու հայրենիքը մոլորակն է, ոչ-թե ինչ-որ մեկի գծած տարածքը: Կրոնն էլ տիեզերական երևույթ է… Հենց այս ազատության մասին է խոսքը», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Արայանը:
Նկարիչը նկատեց՝ մինչ ցուցահանդեսը շատերին կարող է թվալ, թե օրենքը բոլորի համար է, ցուցահանդեսից հետո նկարները ճիշտ ընկալողները կհասկանան՝ ո՛չ թե օրենքն է բոլորի համար, այլ՝ ազատությունը:
Ցուցահանդեսին հրավիրված հատուկ հյուրերի առումով նկարիչն ընդգծեց. «Բոլոր նրանք, ովքեր ժամանակ կգտնեն այնտեղ գալու ու իմ ներաշխարհի մի մասին ծանոթանալու՝ կլինեն իմ հատուկ հյուրերը»:
Ի դեպ, ցուցահանդեսի մեկնարկին՝ ցուցահանդեսից դուրս, անակնկալ է սպասվում, որի մասին մեր զրուցակիցը նախընտրեց լռել:
Կարեն Արայանի անդրանիկ ցուցահանդեսը 7 տարի առաջ է եղել՝ 2009 թվականի մայիս ամսին: Շնորհիվ համացանցի՝ շատերը նրան ճանաչում են որպես հայտնի մարդկանց դիմանկարներ պատկերող նկարիչ: «Անկեղծ ասած՝ ես դիմանկար նկարում եմ կա՛մ իմ հաճույքի համար, կա՛մ պատվերով: Դրանք հատուկ ցուցահանդեսի համար չեն արվում: Թեև ինձ մոտ եղած դիմանկարները կցուցադրվեն ցուցահանդեսին», - խոստովանեց վերջինս:
Կախված նկարների չափսերից և նրանց վրա կատարված աշխատանքներից՝ ցուցահանդեսում ընդգրկված նկարների գինը կտատանվի 100 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամը: Հարցին, թե դա որքանո՞վ է հարմար թեկուզև արվեստասեր, բայց հայաստանյան հասարակության գրպանին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Նկարներիս գնորդները հիմնականում արտերկրից են: Հուսամ՝ հայաստանյան հասարակությունն էլ արվեստս կգնահատի»:
Սովորաբար, նկարիչները դժվարությամբ են բաժանվում իրենց կատարած աշխատանքներից, նույնիսկ, երբեմն հենց միայն դրանից ելնելով, հրաժարվում են վաճառել: «Եթե իմ անունը նկարի վրա մնում է, ինքն իմ մեջ միշտ կա՝ էլ բաժանվելը ո՞րն է: Ես դա համարում եմ կիսվել»:
Կարեն Արայանը համացանցում գրանցված է Բարոն Կարեն Արայան անվամբ: Որտեղից է գալիս «Բարոն» կեղծանունը և արդյոք նկարների տակ ևս այդպես է ստորագրում հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց.
«13-14 տարի առաջ Ռուսաստանում հյուրընկալվեցի գնչուներին ու նրանք ինձ «Բարոն» կոչեցին: Հետագայում էլ շարունակեցին ինձ այդպես դիմել, ես էլ իրենց համար նկար նկարեցի ու տակը ստորագրեցի «Baron»: Այդպես էլ այդ կեղծանունն ինձ հետ մնաց», - եզրափակեց նա: