12/07/2016 13:39
Մենք վախենում ենք Ղարաբաղի «նախիջևանացումից». Արա Պապյան
Ապրիլյան պատերազմում հայկական կողմի հարյուրավոր զոհերը, ըստ էության, չպետք է լինեին, քանի որ հայկական կողմը հարձակվողական պատերազմ չէր վարում, ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:
«Այո, կան որոշակի բարելավումներ սահմանին, նոր սարքավորումների տեղադրումներ, նոր զինատեսակներ, բայց, էական առումով, ռուսական կողմից 200 միլիոնի զենքի հարցը մնաց անորոշ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Պապյանը:
Նա շեշտեց՝ բարեփոխումներ չի տեսնում այն առումով, որ մի քանի փոփոխությունները հայկական բանակում բավարար չեն. «Մի գեներալ ձերբակալեցին, մի երկուսին պաշտոնաթող արեցին, բայց ոչ մի լուրջ հետևություն», - նշեց նա:
Արա Պապյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմում հայկական կողմի հարյուրավոր զոհերը, ըստ էության, չպետք է լինեին, քանի որ հայկական կողմը հարձակվողական պատերազմ չէր վարում:
Արտաքին քաղաքական առումով, ըստ Պապյանի, գնալով ավելունում է ճնշումը Հայաստանի վրա:
Ըստ նրա՝ ԼՂ խնդրի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների շրջանակներում:
«Խոսվում է փոխզիջման մասին, բայց Ադրբեջանը ոչինչ չի զիջում, խոստում է տալիս, որ ապագայում կարող է, բայց թե ինչ կլինի հետո՝ չգիտենք: Միաժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք վախենում ենք Ղարաբաղի նախիջևանացումից, որը փորձում են մեզ հրամցնել», - ասաց նա:
«Լավատես չեմ զարգացումներից, չեմ հավատում խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծելուն, քանի որ մենք առավելագույնը զիջելու պատրաստակամություն հայտնել ենք: Մեր խնդիրն է էական ներքին բարեփոխումների շնորհիվ ամրացնել երկրի տնտեսութունը և վերջնական պարտության մատնել Ադրբեջանին», - հավելեց Արա Պապյանը: