12/07/2016 11:58
Նալբանդյան. Ադրբեջանն անտեսեում է Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները. Տեսանյութ
Ադրբեջանը փորձում է անտեսել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը, Կիևում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
«Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նա ընդգծել է՝ Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: