12/07/2016 20:16
«Երեք շաբաթ Երևանում». Հրանտ Թոխատյանն ու սփյուռքահայ դերասանները՝ նոր կատակերգական ֆիլմում
ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, սփյուռքահայ դերասաներ Վահիկ Փիրհամզեին և Վահե Բերբերյանը շուտով հանդիսատեսին կներկայանան նոր՝ «Երեք շաբաթ Երևանում» կատակերգական ֆիլմով: Ֆիլմի նկարահանումները կատարվել են 2015 թվականի օգոստոսին՝ Երևանում:
«Շատ վաղուց սփյուռքահայ իմ լավ բարեկամների՝ Վահե Բերբերյանի ու Վահիկ Փիրհամզեի հետ փորձում էինք համատեղ ներկայացմամբ հանդես գալ: Ուզում էինք կոտրել արևմտահայերենի և արևելահայերենի մեջ առկա սառույցը, հուսով եմ՝ ստացվել է: Քանի որ ներկայացման դեպքում ժամանակի առումով որոշ բարդություններ կունենայինք, (մեկ դրսում պետք է խաղայինք, մեկ՝ Հայաստանում) որոշեցինք արդեն իսկ գրված սցենարը ֆիլմի վերածել: Երկուսն էլ հրաշալի արվեստագետներ են, բավականին հայտնի են սփյուռքում, նրանց հետ աշխատելը շատ հաճելի է»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հրանտ Թոխատյանը:
Սցենարի հեղինակը Վահե Բերբերյանն է, որպես ռեժիսոր հանդես են գալիս Վ. Բերբերյանն ու Վահիկ Փիրհամզեին, վերջինս նաև ֆիլմի պրոդյուսերն է:
«Երկու հայ կինոմատոգրաֆիստ Միացյալ Նահանգներից Հայաստան են գալիս՝ ֆիլմ նկարահանելու, նրանց հետ բազում արկածներ ու դիպվածներ են տեղի ունենում: Նրանց Հայաստանում միանում է իմ կերպարը… Սակայն ավելին ասել չեմ կարող, ամեն ինչին ականատես կլինեք մոտ մեկ ամսից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի առաջին՝ Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 4-ին, որին ներկա կլինեն նաև Վ. Բերբերյանն ու Վ. Փիրհամզեին: Սեպտեմբերի 14-ին էլ ԱՄՆ-ի հանդիսատեսը հնարավորություն կունենա այն դիտել:
Բացի վերոնշյալ երեք արտիստներից՝ ֆիլմում նկարահանվել են սիրված ու ճանաչված շատ դերասաններ: Սակայն ժողովրդական արտիստը այս հարցում էլ նախընտրեց փակագծերը փակ պահել՝ ցանկանալով հանդիսատեսին սպասվող անակնկալը չփչացնել:
«Երբեք չեմ սիրել, որմ ֆիլմն էկրան չբարձրացած, դրա մասին ամեն ինչ պատմում են: Այդպես կորում է հետաքրքրությունը տվյալ աշխատանքի հանդեպ»,-մեզ հետ զրույցը եզրափակեց նա: