13/07/2016 10:04
Հունիսին հավաքագրված հարկերի և տուրքերի թիվը ՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամեն ամսվա սկզբին հրապարակում է նախորդ ամսում հավաքագրված հարկերի և տուրքերի թիվը: Հունիսին հավաքագրված հարկերի և տուրքերի թիվը, սակայն, ՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս «լռության» պատճառն այն է, որ հարկային մուտքերը նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել, ու այս օրերին ՊԵԿ-ում փորձում են այդ «բացը» լրացնել:
«Ժողովուրդի» հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից կտրականապես հերքեցին նախատեսվածից պակաս հարկեր հավաքագրելու մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ մի քանի օրից այդ տվյալները կհրապարակվեն:
Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի պլանով հարկեր և տուրքերից պետբյուջե մուտքերը պիտի կազմեն առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Հինգ ամսվա արդյունքներով՝ հավաքագրվել էր 419 միլիարդ 667 մլն դրամ: Այսինքն՝ կիսամյակի պլանը կատարելու համար հունիսի հարկային մուտքերը 100 միլիարդ դրամից ավելի պետք է լինեին: Ի դեպ, անցած տարի հունիսին 90 մլրդ դրամի հարկ է հավաքագրվել»: