13/07/2016 11:23
Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի և Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում։ Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը և խաղաղապահությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։