13/07/2016 11:42
ԱՄՆ-ն 24.1 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին
ԱՄՆ Սենատը հաստատել է 24.1 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն հատկացնել Հայաստանին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:
«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հուլիսի 12-ին հաստատել է 2017-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և առնչվող ծրագրերի հատկացումների օրինագիծը, որը ներառում է Հայաստանին և տարածաշրջանին հատկացվող օգտնությունը: Ըստ այդմ, Սենատը հաստատել է 24.1 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչպես նաև կոչ է արել շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»,-գրված է Ամերիկայի հայկական համագումարի կայքէջում:
Այդուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտնել է, որ շարունակելու է պնդել լրացուցիչ օժանդակություն հատկացնել Հայաստանին:
«Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների օրինագծերը, Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է պնդել լրացուցիչ օժանդակություն հատկացնել Հայաստանին՝ հաղթահարելու համար Սիրիայից փախստականների ներհոսքի խնդիրը, ինչպես նաև խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից»,- հայկական համագումարի փոխանցմամբ ասել է Բ.Արդունին: