13/07/2016 16:49
Մարդը պետք է կյանքը ճանաչի, հասկանա, ասելիք ունենա, նոր այս կամ այն միության անդամ դառնա. Քրիստ Մանարյանն այլևս Գրողների միության անդամ է
Երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը երեկվանից համալրել է Հայաստանի գրողների միության շարքերը: Ըստ մեզ՝ ուշացած, ըստ նրա՝ ճիշտ ժամանակին:
«Չեմ համարում, որ ուշացած է: Ճիշտ է՝ վաղուց եմ ստեղծագործում, բայց ավելի շատ երգի ասպարեզում եմ հայտնի: Թեև, հեռուստատեսային գործունեություն եմ ծավալել, կինոսցենարներ ունեմ գրած, որոնցից մեկ-երկուսը ֆիլմերի են վերածվել: Ինչևէ, կարծում եմ՝ մարդը պետք է կյանքը ճանաչի, հասկանա, ասելիք ունենա, նոր այս կամ այն միության անդամ դառնա», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ք. Մանարյանը:
Այս անգամ միություն ընդգրկվել ցանկացողների հայտերը շատ էին, ելնելով դրանից՝ չընդգրկվելու հավանականությունը՝ մեծ: «Կարդացին, հավանեցին գրածներս ու ինձ ևս ընտանիքի անդամ դարձրեցին», - նշեց նա:
Գրողներից շատերը, խոսելով Քրիստ Մանարյանի աշխատանքների մասին, հաճախ ընդգծում են՝ շատ երևանյան են, կին-տղամարդ թեման առավել բացված ու արդիական է, ոճն էլ՝ հետաքրքիր:
«Իմ գործերում այսօրվա մարդն է, նրա ձգտումները: Ես գրում եմ այն, ինչ տեսնում ու զգում եմ: Փառք Աստվածներին՝ մեր օրերում ազատություն կա, ու յուրաքանչյուրն իր ներաշխարհը փռում է ընթերցողի առաջ: Նորամուծությունն ինքնանպատակ մտցնել պետք չէ, թե իմ դեպքում դա որքանով է կիրառելի ու աշխատանքներս որքանով են ընկալելի՝ թող կարդացողն ասի», - մեկնաբանեց գրողների միության նոր անդամը:
Մեր ժամանակներում՝ շնորհիվ գրաքննության բացակայության՝ ով, ինչ խելքին փչի, գրում է: էլ չասենք, որ երբեմն հոգին ու շունչը բացակայում են ոմանց գրիչներից:
Ըստ նրա՝ գրաքննությունն ունի և՛ բացասական, և՛ դրական կողմեր: Սակայն բացասականը գերակշռում է: «Հայրս կինոսցենար էր գրել, որը 7 տարի «քանդում-հավաքում» էին: Հիշում եմ, թե ինչ ապրումներ ուներ: Խորհրդային տարիներին գրաքննությունը հաճախ արվեստագետին արգելում էր ասել իր խոսքը: Արգելում էր կտրուկ ու տգեղ ձևերով: Այսօր ոչ ոք բարոյական և օրինական իրավունք չունի արգելել ցանկացածին՝ տպել այն, ինչ նա ուզում է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Դրամատուրգը, ողջունելով գրաքաննության պակասը, միաժամանակ դատապարտում է ցածրաճաշակ արվեստը և՛ գրականության, և՛ երաժշտության, և՛ թատրոնի ու կինոյի բնագավառում: «Այս ամեն ինչի դեմն առնելու միայն մեկ ճանապարհ կա. որքան հնարավոր է՝ պետք է լավ գործեր անել: Մեր օրերում համացանցում ինչ ասես գրում են: Վատաբանողներն ու վատ գործեր անողները կկորչեն կգնան, լավ գործը՝ կմնա, հավատացեք», - վստահեցրեց գրողը:
Գրողների միության նորաթուխ անդամն այս պահին միանգամից 4 գիրք է պատրաստում, նաև՝ հեռուստատեսային նախագիծ:
«Դրանցից մեկը մանկական է, մյուսը՝ վեպ, երրորդը կոչվում է «Երևան սքեչբուք»: Չորրորդի մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ դեռ չգիտեմ՝ ինչ կստացվի: Ինչ վերաբերում է հեռուստանախագծին՝ չեմ ուզում փակագծերը բացել, երբ ռեժիսորը «մատորը» կտա՝ իրավունք կունենամ բարձրաձայնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Քրիստ Մանարյանը:
Aysor.am-ը շնորհավորելով Քրիստ Մանարյանի նորամուտը գրողների ընտանիք՝ հուսով է՝ ժամանակակից գրականության մեջ նոր ու հետաքրքիր գործեր կավելանան: