14/07/2016 10:13
Ժողովրդավարությունը հնարավոր է միայն բարեկեցիկ երկրում. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
«Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Քուան Յուն գտնում էր, որ իսկական ժողովրդավարության համար պետք է, որ բնակչության գոնե կեսը ստանա ամիսը 5000 դոլար և լավ կրթված լինի: Ենթադրենք: Իսկ ի՞նչ է պետք, որ բնակչությունը լինի այդքան կրթված և բարեկեցիկ: Ենթադրում եմ, որ… ժողովրդավարություն: Եթե ոչ, ապա ո՞րն է դրա այլընտրանքը: Որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գան մարդիկ, որոնք ներքուստ այնքան ազնիվ, անշահախնդիր և հայրենսաեր կլինեն, որ չեն մտածի իրենց, իրենց ընտանիքների և շրջապատի հարստացման մասին, հավասար պայմաններ կստեղծեն բոլոր գործարարների համար, և այդ՝ հրաշքով հայտնված անզուգական մարդկանց բարեմասնությունների շնորհիվ երկիրն այնքան կբարգավաճի, որ քաղաքացիների կեսը կստանա 5000 դոլարից ավելի ամսական աշխատավարձ ու կզբաղվի ինքնակրթությամբ: Չգիտեմ, գուցե աշխարհում նման դեպքեր եղել են, բայց Հայաստանում դա բացառված է: Ստացվում է, որ մեր երկրում բարեկեցիկ կյանքի համար պետք է ժողովրդավարություն, բայց, ըստ Սինգապուրի նախկին վարչապետի, ժողովրդավարությունը հնարավոր է միայն բարեկեցիկ երկրում:
Հավի ու ձվի այդ «անհաղթահարելի դիալեկտիկայից» դուրս գալու ելքը, հավանաբար, աստիճանական անցումն է, որտեղ խթանն, այնուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները պետք է լինեն»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։