14/07/2016 17:33
Իր անձնական կարծիքն է. Հանրապետականը չի կիսում Լեռնիկ Ալեքսանյանի տեսակետը տարածքներ զիջելու մասին
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը չի կիսում իր կուսակից Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում տարածքներ զիջելու մասին:
«Տարածքներ զիջելու մասին խոսակցությունները «վերսիաներից» մեկն է: Հայկական կողմը, մեր կուսակցությունը պնդում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը, իսկ պատգամավորի հայտարարածը իր անձնական կարծիքն է եղել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել Արցախի անկախության դիմաց որոշ տարածքներ զիջելը:
«Եթե զիջելու բան պետք է լինի Արցախի անկախության դիմաց, մենք կարող է նաև որոշակի տարածքներ զիջենք: Ես այս ձևով եմ պատկերացնում», - ասել էր Լեռնիկ Ալեքսանյանը:
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ ԼՂՀ խնդիրը կամ պետք է տանի պատերազմի, կամ՝ փոխադարձ համաձայնության:
«Առայժմ որևէ փաստաթուղթ չկա և ԼՂ հարցը կարգավորելուց հետո միայն մնացյալ հարցերը կդառնան քննարկման առարկա», - հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: