14/07/2016 12:30
Երևանը կարևորում է Փարիզի ներգրավվածությունն ու ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
«Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է նախագահի ուղերձում:
Նա նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆ.Օլանդի անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, «ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին»։
«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության», - ասել է ՀՀ նախագահը: