14/07/2016 19:31
Ի՞նչ նոր զբաղվածություն ունի Վարդան Հովսեփյանը. մեկնաբանում է դերասանը
Դերասան Վարդան Հովսեփյանը, ում հեռուստադիտողը որոշ ժամանակ առաջ հանդիպում էր «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում՝ Դավիթի կերպարում, վերջին օրերին Facebook-յան իր էջում պարբերաբար նկարներ էր հրապարակում, որոնք հիշեցնում են ֆիլմի նկարահանման հրապարակից արված լուսանկարների:
Aysor.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս նոր ֆիլմում կամ սերիալում է նկարահանվում:
«Ոչ, դրանք կադրեր չեն ֆիլմից: Պարզապես ընկերոջս՝ Դավիթի շնորհիվ համալրել եմ «Strikeball»-ով հետաքրքրվողների շարքերը: Այն շատ տարածված է արտասահմանում, միշտ հետևում էի, բայց մասնակցության առիթ չէր եղել: Շատ իրական խաղ է, միակ տարբերությունն այն է, որ իրական կյանքում, երբ կրակում են, մարդը մահանում է, այստեղ՝ ոչ: Բայց ադրենալինի պակաս չի լինում, ուղղակի պետք է սեր ունենաս այս խաղի հանդեպ»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վ. Հովսեփյանը:
«Strikeball»-ը խմբակային խաղի տեսակ է, որն առավել շատ հետաքրքրում է էքստրիմի սիրահարներին: Ֆեդերացիան իր անդամներին ապահովում է համապատասխան համազգեստով ու զենքով: «Ով ունի, իրենն է բերում: Ես համազգեստն ունեմ, բայց զենք՝ դեռևս չունեմ: Պատվիրել եմ, երևի շուտով կլինի: Համազգեստը, հատուկ ակնոցը պարտադիր է, քանի որ շատ «ցավոտ» խաղ է»,-ընդգծեց նա:
Ի դեպ, «Strikeball»-ի համար նախատեսված զենքն իրական չէ, փամփուշտի փոխարեն «շարիկ» է կրակում:
Խաղի սիրահարները հանդիպում են շաբաթը երկու-երեք օր: «Դեռ նոր եմ սկսել, բայց որոշել եմ խորանալ այս հետաքրքրությանս մեջ: Իհարկե, դա իմ հիմնական աշխատանքին չի խանգարի, բայց մշտական ադրենալին կապահովի»,-խոստացավ դերասանը: