15/07/2016 19:36
«Չի եղել գիշեր, որ չի լուսացել». Լևոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Լուիզա Ղամբարյանը և Ռոբերտ Հարությունյանը հանդես կգան արցախյան շարժման մասին պատմող անդրանիկ ներկայացումում
90-ականների հայ-ադրբեջանական պատերազմի, հերոս հայորդիների մասին ֆիլմեր, քիչ թե շատ, լավ թե վատ՝ բայց նկարվում են: Սակայն թատերական աշխարհում այս առումով կատարյալ լռություն է. կամ դասական ներկայացումներ են, կամ՝ անտրեպրիզային կատակերգություններ:
Սակայն սառույցը կարծես հալչել է, ու շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացումը: Դերասանական կազմում ընդգրկված են Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը և Լուիզա Ղամբարյանը:
«Սա անտրեպրիզ ժանրի ներկայացում է, որը մեր կռված, զոհված տղաների մասին է, ովքեր մինչ այսօր անտարբերության են մատնված: Նույն վիճակում են նաև նրանց ընտանիքները… Նրանց այս տարիների ընթացքում ոչ-ոք չի անդրադարձել: Բայց չէ՞ որ այդ տղաներն են մեզ հաղթանակ բերել: Սա էն կռված տղերքի մասին է, ովքեր չգնահատվեցին, բայց այդքանից հետո էլ մեր այսօրվա երիտասարդներն իրենց հայրենիքը սիրում են ու ուզում այդ հայրենիքի համար զոհվել», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց Լևոն Հարությունյանը:
Նկատառմանը, որ անտրեպրիզային ներկայացումները սովորաբար կատակերգական ժանրում են լինում, և որքանով է տեղին և կբացակայի արդյոք այս ներկայացման մեջ հումորը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մի քիչ հումոր, իհարկե, կա: Իրավիճակներ կան, որոնք ժպիտ են առաջացնում, բայց հիմնական ասելիքն ավելի լուրջ ու մեծ է: Կարծես, թե մենք կամաց-կամաց հեռանում ենք անտրեպրիզ հասկացողությունից, որն իր հետ միայն ծիծաղ է բերում: Ժամանակն է՝ նորմալ աշխատանքներ մատուցենք հանդիսատեսին»:
Ներկայացման փորձերը սկսվել են 6-7 ամիս առաջ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը կասեցրեց ցուցադրությունը:
«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման ռեժիսորն է պարսկահայ Սեդրակ Գոջամանյանը, սցենարի հեղինակն է Ռոբերտ Հարությունյանը:
Պրեմիերան տեղի կունենա հուլիսի 22-ին և 23-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: