15/07/2016 16:09
«Թևանիկի» ռեժիսորի պատասխանն ադրբեջանական լրատվամիջոցին
Օրերս «Hollywood International Moving Pictures Film Festival 2016» կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ 1990-ականների արցախյան շարժմանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը հերթական միջազգային մրցանակը բերեց Հայաստան: Կինոփառատոնում ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Փաստն անտարբեր չթողեց անգամ ադրբեջանցիներին: Haqqin.az-ը վերլուծական հոդվածով անդրադարձավ՝ հրապարակայնորեն խոստովանելով, որ «Ադրբեջանը պարտվել է Հայաստանին նաև կինեմատոգրաֆիայում»: Իհարկե, հակառակորդ երկրի զանգվածային լրատվամիջոցը չէր կարող լիովին օբյեկտիվ գնահատել ֆիլմը և սևով սպիտակի վրա ընդգծել էր «Թևանիկի» աղավաղված լինելու՝ իր դիրքորոշումը:
Aysor.am-ը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանից հետաքրքրվեց «Թևանիկի» վերաբերյալ ադրբեջանական անդրադարձի ու հայ ռեժիսորի հնարավոր պատասխանի մասին:
«Այդ հարցում դուք՝ լրագրողներդ պետք է մեզ օգնեք: Գետաշենից, Մարտունաշենից մարդիկ ինչպե՞ս են դուրս եկել, փախել: Միշտ նշել եմ, որ «Թևանիկում» ներկայացված գյուղը, որից մարդիկ չեն ցանկանում դուրս գալ՝ Մաճկալաշենն է, Ավոն զոհված Արմենն է: Փաստեր կան չէ՞, թե ինչպես են 17 տանկով հարձակվել, Արմենն էլ ասել է՝ ես ո՞նց գնամ, երբ մերս տանն է, չեմ կարող յոթ գյուղ տարհանեմ: Ու հրամանը մերժել են… Այս ֆիլմում չկա մի մարդ, որ իրական չէ, ուղղակի անուններն են տարբեր: Բայց կարևորն անունը չէ, այլ դեպքը», - ասաց ռեժիսորը:
Մի անգամ Վրաստանում «Թևանիկի» ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկման ժամանակ ադրբեջանցու՝ «Ձեր ֆիլմերը սուտ են» դիտարկմանն ի պատասխան՝ Ջիվան Ավետիսյանն ասել է. «Արի ընդունենք, որ իմ և Ձեր նկարած Ղարաբաղի մասին ֆիլմերը սուտ են: Բայց ի տարբերություն Ձեզ, ես իմ ֆիլմերում գոնե մեկ դրական ադրբեջանցի ունեմ, իսկ դուք դրական հայի կերպար երբեք չեք ունենում: Ի՞նչ է, մեկ լավ հայ ձեզ համար չի՞ եղել, չե՞ք տեսել… Մենք հաղթել ենք, ու մենք կարող ենք մեզ թույլ տալ իրականությունը ներկայացնել, իսկ իրենք ի՞նչ են ներկայացնելու: Օրինակ, Շուշիից Բաքու փախչող զորքի մասին ֆիլմ ո՞վ է նայելու»:
Օրերս էլ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 12-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ծնունդով արցախցի Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» իրական հիմքով պատմվածքի հիման վրա: Արցախյան իրականությունը հայ ռեժիսորի թեթև ձեռքով շարունակում է սփռվել համաշխարհային կինեմատոգրաֆիայում՝ թույլ տալով երիտասարդ ադրբեջանցիներին՝ գոնե այս կերպ ծանոթանալ սեփական ժողովրդի վայրագ ձեռագրին: