15/07/2016 14:45
Երբևէ իմ հեղինակային երգերը չեմ կատարել, սակայն... Իսահակ Հակոբյանի նոր՝ «I Feel» կատարումը
Օրերս երիտասարդ երգահան Իսահակ Հակոբյանը համացանցային հանրությանը ներկայացրեց իր նոր «I Feel» ստեղծագործությունը: Երգի խոսքերը ծնունդ են առել դեռևս մեկ տարի առաջ, սակայն երաժշտության հարցում հեղինակը չէր կողմնորոշվում: Վերջերս, երբ նորից անդրադառձավ այդ երգին, ինքնաբերաբար ծնվեց երաժշտություն, ու հասկացավ՝ դա հենց այն է, ինչն իրեն պետք էր:
«Երգեցողությամբ զբաղվելու ամբողջ ընթացքում երբևէ իմ հեղինակային երգերը չեմ կատարել , սակայն այս անգամ որոշեցի բոլորի դատին հանձնել իմ ստեղծագործությունը: Ընտրեցի հենց այս աշխատանքը, քանի որ այն համարեցի լիարժեք: Ինձ համար հաճելի և ներսից բխող աշխատանք է: Երգն այն մասին է, որ սերը դեռևս հաղթանակ չէ»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգահանը:
Ի. Հակոբյանը բազմաթիվ ձայնագրված երգեր ունի, որոնցից դեռևս երկուս են ներկայացվել հանդիսատեսի դատին:
Հարցին, արդյոք չի պատրաստվում երգը տեսահոլովակի տեսքով ներկայացնել, պատասխանեց. «Անկեղծ ասած՝ այս պահին բավարարվում եմ ունեցածով, նրանով, ինչ կարողանում եմ անել: Հետագայում, իհարկե, տեսահոլովակ էլ կլինի, ամեն ինչ իր ժամանակն ունի: Իսկ մինչ այդ կփորձեմ մասնագիտանալ ընտրածս գործում»: