21/07/2016 17:31
Պարգև Սրբազանը Երևանում է. Պետք է խոհեմություն դրսևորենք, որ նոր ողբերգություն չլինի
Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի պաշարման շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանն աջակցելու նպատակով Արցախից Երևան է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
«Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է որոշումը կայացնեն, իրենցից է կախված հանդարտ, խաղաղ կերպով արագ-արագ այս հարցը լուծելը, որովհետև ի վերջո սա նորից բերելու է ողբերգության, որը ոչ մեկիս ձեռնտու չէ», - ասել է Պարգև Սրբազանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Նա հիշեցրել է, որ կան բավական բարդ այլ խնդիրներ:
«Արցախի խնդիրը կա: Երեկ Իլհամ Ալիևը ստորագրեց մի փաստաթուղթ, որով Թուրքիային է տրամադրում ռազմական մի բազա և օդանավակայանը: Այնպես որ մենք դեռ գերխնդիրներ ունենք լուծելու: Դրա համար պետք է ազգովի խոհեմություն դրսևորենք», - ասաց Արցախի թեմի առաջնորդը:
Ըստ նրա՝ անկախ քաղաքական ճաշակից, կարգավիճակից ու տարիքից՝ հայը հայի համար պետք է սրբություն լինի: