22/07/2016 09:31
Կառավարության՝ պարտք ներգրավելու մոլուցքը սահմաններ չունի. ՀԺ
Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել, որի արդյունքում կկարողանա ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն», գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Մինչ այդ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած՝ «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։ Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու՝ կառավարության այս մոլուցքը, թվում է, սահմաններ չունի։ Նշենք, որ մեր պետական պարտքը արդեն գերազանցում է 5.2 միլիարդ դոլարը։ Իսկ միայն ներքին շուկայից պետական պարտատոմսերի միջոցով ՀՀ կառավարությունը այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ներգրավել է 90 միլիոն դոլարի պարտք։ Պարտքեր ներգրավելը շատ լավ է ստացվում, իսկ դրանք փակելու խնդիրը անլուծելի», - գրել է թերթը: