22/07/2016 12:36
Մարիա Զախարովան Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին կոչ է անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքներից
Ռուասատանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին կոչ է արել աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին և զերծ մնալ տեղեկատվական սադրանքներից:
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի (իհարկե, ոչ բոլոր) լրագրողներին: Դուք ցանկանում եք հաղթահարել հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ ձեր ճաշակով լուրեր հորինելով», - գրել է Մ. Զախարովան իր Facebook-ի էջում այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություն հայտնվեց Թուրքիայի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ներգրավվման մասին:
«Ճեպազրույցի ժամանակ մի քանի լրագրողներ Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում տիրող իրավիճակների մասին այնպիսի հարց տվեցին, որը հարցի նման չէր, այլ քաղաքական մանիֆեստի: Ստիպված էի ընդհատել այդ մենախոսությունը: Հետո լրագրողները սկսեցին իմ պատասխանից սենսացիա ստեղծել, իբր Մոսկվան ցանկանում է ԼՂ կարգավորմանը միացնել Անկարային: Չէ՞ք ամաչում: Հենց այս պահին, երբ իսկապես հնարավորություն կա առաջընթացի համար: Ինչու՞ եք դա անում: Այսքան տարիները և այսքան զոհերը չե՞ն կարող հանգամանք դառնալ այս հարցին պատասխանատու կերպով մոտենալու համար: Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի այս տեղեկատվական վակխանալիան, որով ցանկանում են «սեփական օգտի համար անհրաժեշտ բառերով» փազլ հավաքել», - գրել է Մ.Զախարովան:
«Նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկացնել ու ապակայունացնել իրավիճակը ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ՝ հորինելով լուրեր, կրկնում եմ՝ կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք ուղղված են կարգավորման գործընթացով զբաղվելուն, մասնավորապես՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն է: Դրան զուգահեռ ոչ ոք չի արգելել երկկողմ կոնտակները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր երկիր կարող է քննարկել սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը: Հարցը կայանում է նրանում, թե կարգավորման գործընթացում որքանով են կառուցողական այն երկրների ջանքերը, որոնք կարգավորման գործընթացի մասը չեն կազմում, բայց ցանկանում են աջակցել դրան: Մեծ խնդրանք՝ մի տրվեք սադրանքների, այդ թվում՝ տեղեկատվական», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: