22/07/2016 10:45
Նույնիսկ նամակներ ենք ստացել թուրք ազգայնականներից, ովքեր փորձում էին մեզ համոզել, թե նման կերպար չի եղել. Ռիտա Խալաթյանը «Սոսե» միջազգային կինոփառատոնի մասին
Կինոփառատոնները ռեժիսորների համար հրաշալի խթան են՝ նոր ու ավելի հետաքրքիր աշխատանքներով ներկայանալու: Իսկ երբ այդ փառատոնները միջազգային հարթակում են հայտնվում՝ ոգևորությունն առավել է մեծանում:
2014 թվականից հայկական կինոմրցութային դաշտում փայլում է «Սոսե» ամենամյա կինոփառատոնը, որի հիմնադիր նախագահն է մասնագիտությամբ դերասանուհի Ռիտա Խալաթյանը, տնօրենը՝ Սիմոն Սահակյանը:
«Փառատոնն առաջին անգամ 2014 թվականին ենք իրականացրել: Կանանց մեկամսյակի շրջանակներում որոշեցինք մեր մշակույթի կենտրոնով միջոցառում կազմակերպել, որը կանանց նվիրված փոքրիկ, կարճամետրաժ ֆիլմերի փառատոն կլինի: Բայց հետագայում, ելնելով արձագանքներից և առաջարկներից, նկատեցինք՝ այն կարող ենք վերածել ամենամյա փառատոնի, այն էլ ոչ թե հանրապետական, այլ միջազգային բնույթի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռ. Խալաթյանը:
Ի զարմանս և ի ուրախություն կազմակերպիչների՝ միջազգային կինոաշխարհը հետաքրքրություն ցուցաբերեց «Սոսե»-ի նկատմամբ: 2016 թվականի սեպտեմբերի 23-ից 30-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենա 3-րդ հանդիպումը: «Սկզբում մտածում էինք անփոփոխ օրեր ամրագրել, բայց հետո որոշեցինք, որ այն պարզապես կլինի աշնանը ու ամեն տարի տեղի կունենա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին», - ընդգծեց նա:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը անվանակոչվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Աղբյուր Սերոբի կին ու զինակից Սոսե մայրիկի անունով, ով եղել ու մնում է հայ կնոջ օրինակելի տեսակ: «Ընտրեցինք մեր ամենահետաքրքիր պատմական կերպարներից Սոսե մայրիկին, քանի որ նա իր ապրելակերպով, կին և մարդ տեսակով միջազգային հարթակում ներկայանալի կերպար է: Ուզում ենք կինոփառատոնի միջոցով հայ կնոջ տեսակը հենց նրանով ճանաչեն ու ընկալեն», - խոստովանեց հիմնադիր նախագահը:
Թեկուզ կինոհարթակում, բայց սա ևս ինչ-որ կերպ պատմական իրողության բարձրաձայնում է: Ու թեև թուրքական հասարակության մոլեռանդ հատվածը մերժում է Սոսե մայրիկին, բայց մտավորական խավը մասնակցում է այս փառատոնին: «Ասեմ, որ նույնիսկ նամակներ ենք ստացել թուրք ազգայնականներից, ովքեր փորձում էին մեզ վարկաբեկել ու նաև համոզել, թե նման կերպար չի եղել, դա իրական չէ… Դա բնական էր, մենք սպասում էինք այդպիսի արձագանքի: Բայց, դրանով հանդերձ, թուրք ռեժիսորները բազում հայտեր են ուղարկում՝ «Սոսե» կինոփառատոնին մասնակցելու», - Aysor.am-ին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Սիմոն Սահակյանը:
Հարցին, թե արդյոք նրանք էլ իրենց փառատոնային ֆիլմերում փորձում են սեփական հերոսուհիներին ներկայացնել՝ պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, նման ֆիլմ իրենց կողմից չի առաջադրվել դեռևս»:
Առաջադրված ֆիլմերը, մինչ փառատոնում ընդգրկվելը, հատուկ մասնագետների միջոցով ընտրվում են: «Այնպես չի, որ կարող են անդրադառնալ կնոջ թեմային ու վերջ: Ֆիլմն իրենից պետք է գեղարվեստական արժեք ներկայացնի, այլապես փառատոնի շրջանակներից դուրս կմնա: Ասեմ, որ այս տարի առավել խիստ ենք մոտենում այդ հարցին, ամեն անգամ պետք է ավելի կատարելագործվել», - վստահեցրեցին կազմակերպիչները:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը ունի 3 մրցութային ծրագիր. հիմնական մրցութային ծրագրի թեման կինն է, մյուս երկուսն են՝ հատուկ և ուսանողական մրցութային ծրագրերը: «Հատուկ մրցութային ծրագրի շրջանակներում փառատոնն ամեն տարեսկզբին իր կողմից թեմա է առաջադրում, ցանկացողներն էլ այդ թեմայի շրջանակներում են մասնակցում: Օրինակ, նախորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընտրել էինք «Պահպանիր մարդուն» թեման, ներկայացված ֆիլմերը հումանիստական էին: Այս տարվա հատուկ թեմաները երկու ուղղվածություն ունեն՝ բնապահպանական (ջուր. H2O) և «Անկախություն» թեմաներն են: Ուսանողական մրցութային ծրագրում թեմատիկ սահմանափակում չկա, երիտասարդներն (ընդ որում՝ ցանկացած ԲՈՒՀ-ի) ազատ են ու ստեղծագործում են իրենց երևակայությամբ», - նկատեց Ռ. Խալաթյանը:
Մրցութային ծրագրում ընդգրկված են «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն դերասան և դերասանուհի» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերը, կա նաև «Գրան Պրի»: Հատուկ մրցութային ծրագրում տրվում է «Թեմայի լավագույն մեկնաբանություն» և «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցանակը:
Ի դեպ, ուսանողական մրցութային ծրագրով հաղթող ուսանողը, եթե հայաստանաբնակ է, որպես խրախուսական մրցանակ՝ կստանա մեկ տարվա ուսման վարձը:
Այս տարվա փետրվար ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում հայտագրվել են մոտ 336 ֆիլմ՝ 61 երկրներից: Թե այդ ֆիլմերից քանիսը կորակվեն փառատոնային, դեռևս հայտնի չէ: Այժմ մասնագետները զբաղված են ֆիլմերի «զտմամբ»:
Ռ. Խալաթյանի խոսքերով՝ ժյուրիի կազմում են անվանի արվեստագետներ Հայաստանից և արտերկրից, բայց թե ովքեր, դեռևս չեն բացահայտի: