23/07/2016 10:13
Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի, քան՝ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանն՝ Ասկերովին
Ավելի շուտ Քուրն իր հունը կփոխի ու կսկսի Սև ծով թափվել, քան` Ղարաբաղը որևէ ստատուսով կհայտնվի Ադրբեջանի կազմում, Aysor.am-ի-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, ով հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, հանրապետության տարածքային ամբողջության և ուժի չկիրառման հիման վրա:
«Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ՝ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Է. Շարմազանովը: