25/07/2016 18:03
«Լուսին կերած նորածինը». Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարը՝ արցախյան պատերազմի մասին պատմող նոր ֆիլմում
Օրեր առաջ Հայաստանում էր գտնվում դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, Մոսկվայի Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: Այցելության նպատակը մասնագիտական էր:
«Ռեժիսոր Արամ Շահբազյանը հրավիրեց նկարահանվել իր նոր՝ արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում: Ինձ համար շատ հետաքրքիր էր, հատկապես, որ վերջին անգամ 1992 թվականին եմ հայ ֆիլմում նկարահանվել: Շատ-շատ էի կարոտել այդ միջավայրին, տպավորված վերադարձա: Այս ֆիլմում նկարահանվում էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի որդին՝ Դավիթ Գասպարյանը, ում հայրիկի հետ ժամանակին սովորել ենք. ես՝ դերասանական, նա՝ ռեժիսորական բաժնում: Հետաքրքիր էր տեսնել, որ ընկերս արդեն մեծ, հասուն որդի ունի: Ընդհանրապես, հրաշալի կազմ էր հավաքված, որտեղ ներգրավվածները ոչ միայն լավ մասնագետներ էին, այլև՝ լավ մարդիկ: Հուսամ, այս համագործակցությունը նախադեպ կդառնա և շարունակական կլինի», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սլավա Ստեփանյանը:
Ֆիլմի վերնագիրն է «Լուսին կերած նորածինը»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սա միակ ֆիլմն է, որտեղ կին հերոս չկա, ֆիլմում ընդգրկված 10 կերպարներում էլ տղամարդիկ են խաղում: « Հերոսիս մականունը «Դեդ» է, ֆիլմում արտացոլվում է 1993 թվականի պատմություն: Առանձնացված գլխավոր հերոս չկա, բոլորն իրենց կարևոր գործառույթներն ունեն: Ազատամարտիկներ են, ովքեր գիտակցում են՝ առաջնագծում են գտնվում ու պետք է զոհվեն», - ընդգծեց նա:
Արցախյան պատերազմի մասին պատմող գրեթե բոլոր ֆիլմերի հիմքում իրականությունն է: Արդյոք այս անգամ ևս այդ սկզբունքը պահպանվել է՝ հարցին Ս. Ստեփանյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, քանի որ ֆիլմում տեղ գտած իրավիճակները ոչնչով չէին տարբերվում իրականությունից: Ե՛վ իմ լսած պատմություններից, և՛ ապրիլյան դեպքերից հետո, և՛ եղբորս տղայի պատմածներից, ով ներկա պահին այնտեղ է ծառայում՝ հասկացա, շատ դեպքերում տղաները ստիպված են եղել ժամանակ շահել իրենց կյանքի գնով, մինչև թիկունքից օգնություն կհասնի»:
Հայաստանի Հհանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ-նախագիծը բաղկացած է լինելու 7 կարճամետրաժ ֆիլմերից: Պրեմիերան նախատեսված է աշնանը: «7 ռեժիսորներից յուրաքանչյուրը թեմայի շրջանակներում իր տարբերակն է ընտրել ու նկարել: Սա այս 7-ի մեջ ամենածավալուն գործն է՝ 26 րոպե տևողությամբ: Մյուսները, եթե չեմ սխալվում, 12 րոպե են տևում»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ս. Ստեփանյանը: