27/07/2016 18:34
Հայրս իմ շարժիչ ուժն է, նրա մահն ինձ ստիպեց ավելի արագ հասունանալ. Հենրիխ Մխիթարյան
Իմ երազանքը մշտապես եղել է շարունակել հորս աշխատանքը, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Հայրս՝ Համլետ Մխիթարյանը, մահացել է 33 տարեկանում գլխուղեղի ուռուցքից, երբ ես ընդամենը 7 տարեկան եմ եղել: Նա մեծ դեր է ունեցել իմ մասնագիտության ընտրության հարցում», - նշել է նա:
«Հայրս իմ շարժիչ ուժն է: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում, և ես միշտ երազում էի նրա հետ միասին այցելել մարզումների: Իմ երազանքը մշտապես եղել է շարունակել նրա աշխատանքը: Հորս մահը մեծ ցավ էր մեզ համար, սակայն այսպիսին է կյանքը, և այն շարունակվում է», - ասել է Մխիթարյանը:
«Դժվար է, երբ դու մեծանում ես մի ընտանիքում, որտեղ չկա տղամարդ, ով կարող է քեզ ուղղություն տալ և կարգապահություն սահմանել: Նրա մահն ինձ ստիպեց ավելի արագ հասունանալ: Իմ մայրն ինձ համար դարձավ և մայր, և հայր, ու ես շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր դժվար պահերին իմ կողքին են եղել», - նշել է Մխիթարյանը: