27/07/2016 22:31
Արման Գևորգյանը՝ 36-ամյակի տոնակատարության և մատուցված անակնկալի մասին
Հումորիստ, շոումեն, դերասան Արման Գևորգյանն այսօր 36 տարեկան է դառնում: Օրվա հերոսը կարևոր առիթը պատրաստվում է նշել ընտանիքի անդամների և մի քանի ընկերների միջավայրում:
«Ընդհանրապես, խնջույքների սիրահար եմ, նորմալ եմ վերաբերում մեծ հավաքույթներին, բայց միայն առիթի դեպքում, ամեն օր նման միջավայրում չեմ կարող անցկացնել: Ամեն դեպքում, իմ ծնունդները նախընտրում եմ մակերեսորեն անցկացնել, երբեք մեծ տոնակատարության չեմ վերածում: Ինձ ուրախացնում է ընտանիքիս անդամների ուշադրությունն ու վերաբերմունքը, ընկերներիս շնորհավորանքն ու բարեմաղթանքը: Ու խոստովանեմ՝ միշտ նեղվում եմ այս օրը, քանի որ գիտակցում եմ՝ մեծանում եմ ևս մեկ տարով», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
36 տարիների ամենամեծ ձեռքբերումը նրա համար ընտանիքն ու շրջապատի կողմից ձեռք բերած հարգանքն է: Ինչ վերաբերում է կորուստներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Փառք Աստծո, մեծ կորուստներ չեմ ունեցել»:
Ծննդյան ամենասպասված հատվածը անակնկալներն են, օրվա հոբելյարն էլ արդեն իր բաժին անակնկալը ստացել է: «Այսօրվա իմ առաջին, ամենակարևոր ու ամենահզոր անակնկալը ստացել եմ գրեթե 7 ամյա դստրիկիցս: Նա ինձ առավոտյան արթնացրեց, համբուրեց ու իր ձեռքով պատրաստած փոքրիկ շնորհավորական բացիկ նվիրեց», -հպարտությամբ պատմեց հայրիկը:
Հարցին, թե ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունի՝ Ա. Գևորգյանը մտորելով պատասխանեց. «Երազանքներ, երևի թե չունեմ: Դրանք ավելի շատ ցանկություններ ու նպատակներ են, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում եմ ամեն օր ու ամեն ժամ: Աստծո կամոք՝ թող միշտ առողջ լինեմ ու նպատակներս իրականություն կդարձնեմ»:
Դերասանն այսօր ստեղծագործական բուռն գործունեություն է ծավալում: Որպես ֆիլմի տնօրեն և գլխավոր դերակատար հանդես է գալիս Հայաստանում առաջին անգամ նկարահանված քրեական կատակերգությունում, որի պրեմիերան նախատեսվում է շուտով: Վերջինս խոստացավ առաջինը Aysor.am-ին տեղեկացնել ֆիլմի մանրամսների մասին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արման Գևորգյանին՝ ցանկանալով անձնական և գործնական բազում ձեռքբերումներ: