29/07/2016 14:07
Այսօր կկայանա Ալինա Մարտիրոսյանի և Կարեն Արայանի նշանադրությունը
Հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, Նկարիչների միության շենքը հյուրընկալեց Կարեն Արայանի արվեստի սիրահարներին: Նկարչի անհատական երկրորդ ցուցահանդես-վաճառքը կրում է «Ազատ եղեք» խորագիրը: Aysor.am-ը, շնորհավորելով հեղինակին, հետաքրքրվեց օրվա մանրամասների մասին:
«Հետաքրքիր ու տարբեր արձագանքներ եմ լսում, ի ուրախություն ինձ, նկարներիս ասելիքը մեծամասամբ ընկալել են»,-նշեց նա:
Գեղանկարչի աշխատանքները ցուցասրահում կմնան ևս 3 օր՝ մինչև հուլիսի 31-ը: Այս ընթացքում արդեն իսկ երկու նկար վաճառվել է, որոնք հասցեատերերին կհանձնվեն ցուցահանդեսից հետո:
Թեմայի շրջանակներում ցուցադրվել է 16 նկար, նաև՝ գործեր այլ թեմայի մեջ և գրաֆիկական աշխատանքներ:
Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ խոսակցություններ են ծավալվում, որ Կարեն Արայանը և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը միասին են: Զույգն այդ հանգամանքը չի էլ թաքցնում՝ պարբերաբար հրապարակելով ջերմ ու սիրառատ լուսանկարներ: Գեղանկարիչն առաջինը Aysor.am-ին վստահեց. այսօր՝ հուլիսի 29-ին, իրենք նշանադրվում են: «Նախատեսել էինք ցուցահանդեսի բացմանը հայտարարել այդ մասին, նաև՝ նշանադրության արարողությունը հենց այնտեղ անել: Բայց հետո երկուսով որոշեցինք այդ կարևոր իրադարձության համար առանձին օր ընտրել»,-խոստովանեց Կ. Արայանը:
Թե ի՞նչ միջավայրում կանցնի նշանադրությունը, մեր զրուցակիցը չմանրամասնեց. «Չեմ ուզում այդ մասին շատ խոսել: Միայն կասեմ, որ մի հետաքրքիր անակնկալ Ալինայի համար անպայման կպատրաստեմ»:
Նկատառմանը, որ այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ալինա Մարտիրոսյանն արդեն իսկ փոքրիկի է սպասում, ու արդյոք զույգը նշանադրությունից հետո անմիջապես կօրինականացնի հարաբերությունները, Կարեն Արայանը ժպիտով արձագանքեց. «Ոչ, դեռ չենք սպասում: Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա երկար սպասեցնել չենք տա, շուտով դա էլ կլինի»:
Aysor.am-ը շնորհավորում է գեղանկարչին և դերասանուհուն՝ մաղթելով երկար ու երջանիկ տարիներ: