29/07/2016 18:52
Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում երեխաներին չթույլատրել մասնակցել հանրահավաքներին
ՀՀ ոստիկանությունը ծնողներին կոչ է անում երեխաներին չթողնել առանց հսկողության, մասնավորապես, թույլ չտալ մասնակցել Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին:
«Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:
Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, կարող են վնասել երեխաներին: Անչափահասների համար մտահոգությունը խիստ իրական ու հիմնավոր է:
Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք մասնակցել հանրահավաքին: Հաավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում անհապաղ դիմել ոստիկաններին:
Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է», - Facebook-յան իր էջում նման գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: