30/07/2016 18:18
Սա առաջին յուրահատուկ սպասումներով լի ծննդյանս տարեդարձն է. Նորա Գրիգորյանը նշում է 23-ամյակը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նորա Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 23-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց տոնական օրվա անակնկալների մասին:
«Սա առաջին յուրահատուկ սպասումներով լի ծննդյանս տարեդարձն է… Ընդհանրապես, սիրում եմ այս օրը, բայց առավել սիրում եմ հարազատներիս տարեդարձները, քանի որ նախընտրում եմ ինքս կազմակերպել ու անակնկալներ մատուցել: Այսօր օրս անցկացնելու եմ իմ մեծ ընտանիքի և մտերիմ ընկերների շրջապատում»,-Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց դերասանուհին:
22-ամյակը Նորա Գրիգորյանի կյանքում ամենատպավորիչն էր, քանի որ տոնական տրամադրությանը գումարվել էր ճամփորդությունը, որն էլ արկածներով լի էր: «Նախորդ տարի ես և ընտանիքս՝ հայրս, մայրս, եղբայրս ու ամուսինս ճանապարհ ընկանք դեպի Վրաստան: Ցանկանալով գտնել կարճ ճանապարհ՝ հայտնվեցինք Վրաստանի անտառներում, սարերում ու ձորերում: Ճիշտ է՝ այդ օրը ուշ գիշերին տեղ հասանք ու շատ էինք հոգնել, սակայն մինչ օրս մտաբերում ենք այդ ճամփորդությունը»,-ժպիտով հիշեց հոբելյարը:
Դերասանուհուն առաջին շնորհավորողը մայրն է եղել, առաջին անակնկալ մատուցողը՝ ամուսինը՝ նույն թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը: «Մինչ ինձ զանգելը մայրս Facebook-ի միջոցով հուզիչ նամակ ուղարկեց, այնուհետև՝ եղբայրս շնորհավորեց: Անակնկալների հարցում ամուսինս առաջատարն է, բայց նրա մատուցած նվերը նախընտրում եմ գաղտնի պահել: Միայն նշեմ, որ նվերին հաջորդեց դասական մեծ վարդերով փունջը»,-նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Ն. Գրիգորյանը խոստովանեց՝ նվերների հարցում կամակոր չէ. «Ես սիրում եմ նվերներ անել, բայց երբ հարցնում են՝ ի՞նչ նվեր ես ցանկանում, պատասխանս անփոփոխ է՝ ոչինչ»:
23-ամյա դերասանուհին դժվարությունների մասին խոսել չի սիրում, փոխարենը՝ նախընտրում է ապագան լուսավոր կերտել: Չէ՞ որ շատ շուտով միամգամից երեք զավակների մայր է դառնալու: «Դժվարություններից ծննդյանս օրով չեմ խոսի, դա էլ թող չբացահայտված մնա: Իսկ այ, որպես ամենամեծ ձեռքբերում, համարում եմ մայրանալս»,-նկատեց նա:
Հարցին, թե ե՞րբ փոքրիկները լույս աշխարհ կգան և արդյոք ամուսիններն արդեն որոշել են նրանց անունները, ժպիտով պատասխանեց. «Ծնվելու հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ինձ մոտ, այսպես ասած, յուրահատուկ հղիություն է: Ուղղակի կասեմ, որ հղիությունս ընթանում է լավ, քանի որ վատ մտքերը, էմոցիաները և մարդիկ մեր կողմից մտովի «քշվում» են հեռուներ: Անունների հետ կապված էլ նշեմ՝ որոշել ենք նախապես չհրապարակել: Օրը կգա՝ բարին հետը»:
Նորա Գրիգորյանի երազանքը մեկն է, ցանկությունների մի ամբողջ բույլ: «Ես ունեմ մեկ երազանք. ոչ-ոքի չար և վատ էներգետիկան չանդրադառնա իմ ընտանիքի վրա, ընտանիքիս բոլոր անդամները լինեն առողջ: Մենք անցյալով սովոր չենք ապրել, այն թողնում ենք իր պատվավոր տեղում և մեր ուժերով, տաղանդով, աշխատանքով առաջ շարժվում»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը: